«Փաշինյանն ասում է՝ երևանցիներ ջան, կա ապագա, շուտով դուք էլ մնալու եք առանց ձեր տների». Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգությունն անգամ օգտագործում է սեփական շահը բավարարելու համար:
«Նրանք փորձում են իբրև զսպաշապիկ օգտագործել իրենց հնարավոր լծակները, որպեսզի լռեցնեն այն մարդկանց, ովքեր հանրության մեջ կարծիք ձևավորելու ինչ-որ հնարավորություն ունեն: Երեկ մեր գործընկեր Աննա Մկրտչյանի մեքենան ապօրինի տարել են տուգանային հրապարակ՝ ոչ մի ձևով չհիմնավորելով: Մեր դաշնակցական ընկերներից երկու հոգու կալանավորելու միջնորդություն են ներկայացրել: Մեր կուսակցական ընկերներից, ընդդիմադիր տարբեր կուսակցությունների, դաշինքների հարյուրավոր ներկայացուցիչների տանում են կալանավորելու միայն նրա համար, որ նրանք խոսում են այնպիսի բաներ, որ ձեռք չեն տալիս Նիկոլ Փաշինյանին: Այսինքն՝ նրանք ասում են՝ դուք դավաճան եք, հող հանձնող եք, կապիտուլյանտ եք, չեք կարողանում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ ձեռք տա ՀՀ-ին»,- ասաց նա:
Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ ի տարբերություն իշխանությունների՝ ընդդիմությունն ազնիվ ասում է, որ «Դիմադրություն» շարժման ժամանակահատվածում ծանրաձողը եղել է 10 կգ, իրենք 9 կգ են կարողացել բարձրացնել.
«Այդ 1 կգ-ն մենք չկարողացանք բարձրացնել: Հիմա կապ չունի՝ ով էր մեղավոր, մենք ընդունում ենք, որ կար իքս խնդիր: Հիմա հանրությանը պարզ ասում ենք դրա մասին և խնդրում, որ մեզ աջակցեն, որ կարողանանք այդ 1 կգ-ի խնդիրն այլևս չունենալ: Հիմա սրանք հա՛մ չեն կարողանում, հա՛մ ասում են, որ չեն կարողանում, հա՛մ չեն գնում:
Այն ժամանակվա նրա ասածը, որ՝ ապագա կա, կա ապագա, այսօր ասում են՝ այո, մենք ասել ենք՝ ապագա կա, բայց չենք ասել՝ ինչ է լինելու ապագայում, այո, ապագա կա, բայց չեմ ասել, որ ապագայում լավ է լինելու, որովհետև Պողոսն է մեղավոր, Պետրոսն է մեղավոր, Կիրակոսն է մեղավոր: Խնդիրն այն է, որ բոլորին է վերաբերում ապագա կա-ն և ապագան վատ է սկզբունքը: Ֆիրդուսի ժողովրդին ասո՞ւմ էր՝ ապագա կա, է, ապագա կա՝ դուք առանց տուն եք մնալու: Գյուղացիներին ասո՞ւմ էր՝ ապագա կա, էլի կա ապագա, դուք էլ մնալու եք առանց հող, առանց ձեր գյուղի, ձեր ունեցվածքի: Նույն բանը ասում է երևանցիներին՝ երևանցիներ ջան, կա ապագա, շուտով դուք էլ մնալու եք առանց ձեր տների»:
Նա շեշտեց. «Եթե մարդկանց թվում էր, որ Հայաստանն է պահում Արցախը, դա շատ թյուր կարծիք էր՝ Արցախն էր պահում Հայաստանը, Արցախն էր այն դուռը, որը չէր թողնում՝ այս արհավիրքները գային մեր տուն: Իսկ մենք այսօր պարտավորություն ունենք կանգնելու արցախցու կողքին և անզիջում պայքարելու, որպեսզի կարողանանք իրավիճակը հարթել»:
Ըստ նրա՝ մարդիկ այսօր ավելի լավ են հասկանում՝ ինչ է կատարվում. «Եթե սրանց ողջ ռեսուրսը միտված է նրան, որ մեզ պախարակեն, մեզ վրա ցեխ լցնեն, ասեն, որ այսինչը վատն է, այնինչը պաշտոն է ուզում, հիմա մարդիկ հասկանում են, որ մեր կուսակցության հիմնադիրներից սպարապետ Վազգեն Սարգսյանը ժամանակին ասում էր՝ հողի համար է պետք կռվել, ոչ թե աթոռի, որ աթոռը դնելու տեղ ունենաք:
Հիմա դա լրիվ արդիական է, որովհետև մենք հողի խնդիր ունենք, ի՞նչ աթոռի մասին է խոսքը: Այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այնպես է բանակցային գործընթացը զրոյացրել, որ շատ մեր բարդությունով է հնարավոր լինելու ինչ-որ զարգացումներ անել այնպես, որ կարողանանք մեր մեջքն ուղղել: Կառավարության կողմից չկա հայրենասիրական մոտեցում, չկա խղճի խայթ, որ հստակ ասեն՝ մենք չենք կարողանում անել, ժողովուրդ ջան, խնդրում ենք, եկեք ոչ թե նոր ընտրության գնանք, որ կեղծենք ու էլի մենք գանք, այլ հասկանանք՝ ո՞վ կարող է այս խնդիրը լուծել, որ ես էլ որպես պետության ղեկավար՝ օգնեմ, որովհետև ես չեմ կարողանում լուծել: Դուք ո՛չ կարողանում եք սպառազինություն գնել, ո՛չ կարողանում եք եղած սպառազինությունը պահել կամ օգտագործել, ո՛չ մի բան եթե չեք կարողանում անել, բա էլ ո՞ւմ եք պետք»:
Մանրամասները՝ տեսանյութում