Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունները մենք կզրոյացնենք. Նա չի ներկայացնում հայ ժողովրդի շահը. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ եթե գործող իշխանությունը անգործության է մատնվել ու ոչ մի բանով չի զբաղվում, դա չի նշանակում, որ ամբողջ բեռը պետք է թողնել երիտասարդության վրա և ասել, որ երիտասարդներից պետք է ակնկալել պետական խնդիրների լուծում:
«Բայց այո, երիտասարդությունը պետք է կարողանա հստակ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: ՀՀԿ ԵԿ-ն նախորդ տարի ամենամեծ պատվիրակությամբ մեկնել է Արցախ, հանդիպումներ ունեցել Արցախի կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների հետ, ստեղծել ենք Հայաստան-Արցախ մշտական կապ: Նույնը իրականացնում ենք միջազգային մեր գործընկերների հետ: Մեր կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Աշոտյանը, Հայկ Մամիջանյանը, Էդուարդ Շարմազանովը աշխարհի մեզ հասանելի բոլոր ամբիոններն օգտագործել են, որպեսզի բարձրաձայնեն, խոսեն այս իրավիճակի մասին: Այսօր մենք ունենք այնպիսի կառավարություն, որն ասում է՝ մենք չենք ուզում, որ մեր ռազմավարական դաշնակիցը Հայաստանում ինչ-որ քայլեր ձեռնարկի՝ զորավարժության տեսքով, որովհետև վախենում ենք, նրանք կգնան, մեզ կթողնեն մենակ:
Բայց եթե Հայաստանում այսօր կան կարծիքներ, թե ինչու ՀԱՊԿ երկրները քաղաքական գնահատական չեն տալիս կամ կարծիքներ չեն հայտնում, արդյո՞ք դա հստակ գնահատական, հստակ քայլ չէր, որ նրանք իրենց կարծիքը հայտնեին՝ անցկացնելով զորավարժություն մեր երկրում: Զորավարժություններն անցկացվում են այն տեղերում, որտեղ հնարավոր հակառակորդ կա: Այսինքն՝ ՀԱՊԿ երկրներն այդ քայլով ոչ միայն քաղաքական գնահատական էին ուզում տալ, այլև իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը կլիներ ազդակ մեր հարևան պետությունների համար, որոնք Հայաստանի ոչնչացումն են ուզում»,- ասաց նա:
Հենրիխ Դանիելյանն անդրադարձավ նաև Ալիևի հայտարարություններին, թե այն ադրբեջանցիները, ովքեր Հայաստանում են ապրել, պետք է վերադառնան: Դանիելյանն ընդգծեց, որ Ադրբեջանը 100 տարվա պատմություն հազիվ ունենա, իսկ մենք հազարամյակներ շարունակ ապրել ենք այս հողում. «Այլ բան է, որ մեր պետության կառավարիչներն այդքան ունակություն, կամք չունեն, որպեսզի կարողանան միջազգային հարթակներում ներկայացնեն մանրամասներ, թե որտեղ և ոնց է ծնվել հայը, և որտեղից է առաջացել ադրբեջանցին»:
Նա խոսեց նաև պայքարի իրենց ծրագրերի մասին. «Մեր ճակատը փողոցում է, նաև՝ միջազգային հարթակներում, այսինքն՝ մենք պայքարի բազմաբևեռ քաղաքականություն ենք վարում: Մենք և՛ փողոցում ենք պայքարել և պայքարելու, և՛ միջազգային հարթակներում: Այսօր մենք տեսնում ենք, որ հստակ քայլեր պետք է ձևավորվեն ժողովրդի միասնականությունն ապահովելու, ընդհանուր կոնսոլիդացիայի հետ կապված: Փողոցի գործիքակազմը օգտագործելու միջոցով պետք է իրականացվեն այնպիսի քայլեր, որոնք կհեռացնեն այս իշխանություններին: Պետք է լինի ժողովրդական ցասում, որի արդյունքում Փաշինյանը կհեռանա իշխանությունից: Փաշինյանի հեռանալուն պես մենք կունենանք այլ պատկեր: Մենք երբեք չեն ասում, որ բոլոր խնդիրները կլուծվեն նրա հեռանալուց հետո. Նա այնպիսի խնդիրներ է ստեղծել, որոնք շատ բարդ է լինելու լուծել, բայց մենք ասում ենք հստակ, որ այն պայմանավորվածությունները, որոնք եղել են և կան Փաշինյանի և Ալիևի կամ Էրդողանի միջև, մենք այդ պայմանավորվածությունները կզրոյացնենք: Եթե կա բանավոր պայմանավորվածություն, որի մասին հանրությունը տեղեկություն չունի, մենք այսօր ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի շահը»:
Մանրամասները՝ տեսանյութում