Լաչինի միջացնքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի. ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու խնդրին՝ կոչ անելով բացել միջանցքը:
Փաուերը թեմային անդրադարձել է «Թվիթեր»-ի էջում կատարած գրառմամբ:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը նկատել է՝ արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ արգելափակված են Լաչինի միջանցքով փոխադրումները։
«Ամեն օր առևտրային հոսքերը և մարդասիրական օգնությունը չեն կարողանում անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մեծանում է հումանիտար ճգնաժամի պոտենցիալը: Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի»-ընդգծել է Սամանթա Փաուերը:
Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ Բացի այդ, հունվարի 9-ին Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վթավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը: Արցախում հունվարի 12-ից ընդհատվել էր նաև ինտերնետ կապի մատակարարումը։ Մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։ Եվ միայն հունվարի 13-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարի վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել՝ մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում ինտերնետ կապը վերականգնվել է: