
ՀՀ ԱԺ-ում առաջարկում են հստակեցնել «դոպինգ» հասկացությունը և հակադոպինգային գործունեության ոլորտը

Հստակեցվում են «դոպինգ» հասկացությունը և հակադոպինգային գործունեության ոլորտը, սահմանվում են Հայաստանում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու դրա լիազորությունները: Այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«2022 թվականին մեր մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել, և այս փոփոխություններով մենք ամեն ինչ անում ենք, որ հանկարծ մեր որևէ մարզիկ չորակազրկվի, եւ Հայաստանը չզրկվի այդ լավագույն արդյունքներից»,- ասել է Գաբրիելյանը։
Ըստ հիմնավորման՝ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը պայմանավորված է միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի կիրառման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ ոլորտին ներկայացվող արդի պահանջներին համապատասխանելու հրամայականով: Նման փոփոխություններ նախաձեռնելու պահանջով Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ին դիմել էր նաեւ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ: Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է ռազմական խաղերը նույնպես ներառել պարգեւատրվող մարզաձեւերի եւ միջոցառումների ցանկում, քանի որ բանակային խաղերն իրենց մասշտաբով զիջում են միայն Օլիմպիական խաղերին և համարժեք են ուսանողական խաղերին: Նշվել է, որ բանակային խաղերին երբեմն մասնակցում է մոտ 200 երկիր:
«Սա դարձել է շատ կարևոր միջոցառում, և ժամանակն է, որ մենք այդ խաղերին վերաբերվենք հավուր պատշաճի եւ մարզիկներին խրախուսենք այդ խաղերի համար»,- ընդգծել է փոխնախարարը:
Նախագծով առաջարկվում է սահմանել նաև լիազորող նորմ, ինչպես նաև ամրագրել, որ տարեկան ծրագրերը հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից: Այս առաջարկը նույնպես արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: