
«Իմ հայ ժողովուրդ, քո փրկությունը մեր «նստելու» մե՞ջ է. որ Աշոտյանը նստի, թուրքը Ջերմուկից գնալո՞ւ է, տղերքի աճյունները տալո՞ւ են». Արմեն Աշոտյան

Ընդդիմության ներսում պարբերաբար ծագում են անհարթություններ, մեղմ ասած՝ «գզվռտոցներ», որոնք դրսևորվում են ցածր կամ միջին օղակներում, բայց որոնք հետևանք են այն պրոբլեմի, որն այսօր ունի ընդդիմությունը: GALA TV-ի հետ զրույցում ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ընդդիմությունն իրեն ճղում է, իր տեղը չի գտնում, բայց չի կարողանում Նիկոլին հեռացնել: Եվ այդտեղ առաջանում է գայթակղություն՝ «իրար ուտելու»: Իմ կոչը ընդդիմադիր գործընկերներին, դադարե՛ք իրար ուտել, «կպնել» իրար, հատկապես և մասնավորապես՝ Հանրապետականին, հերիք է: 2018թ. Նիկոլն այնքան է մեզ կպել, որ էլ ոչ մի բան մեզ վախենալու չէ: Կամ հեռու՛ խաղացեք, կամ եկեք շարունակենք միասին խաղալ»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 10-ին տված ասուլիսին՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ դրա ընթացքում չի հնչել երկու կարևոր հարց.
1. Ճի՞շտ է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ձեզ զգուշացրել է, որ ՀԱՊԿ-ից դուրս չգաք:
2. 2020թ. ապրիլին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը բացահայտեց մի բան, որը դու՛, Նիկոլ, թաքցնում էիր, որ 2019-ին քեզ տրվել են կարգավորման նոր առաջարկներ: Այդ առաջարկները չենք տեսել, հրապարակե՛ք այդ փաստաթուղթը:
«Հրապարակեք 2019թ. ապրիլին Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեզ տրված փաստաթուղթը: Ես վստահ եմ, որ այդ փաստաթուղթն այսօրվա այս արհավիրքի համեմատ Էդեմ է լինելու, Էդեմ, ոչ թե գիշերային ակումբի, այլ դրախտի իմաստով»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը:
Հարցազրույցի ընթացքում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ընդդիմադիր գործիչների նկատմամբ իշխանությունների նախաձեռնած քրեական հետապնդումներին:
«Գնանք բոլորով նստենք, ժողովուրդ ջան, եթե կերել ենք, կեղեքել ենք: Ամենաանարդար դատարանով գնանք նստենք: OK… Իմ հայ ժողովուրդ, քո փրկությունը դրա մե՞ջ է… Դիցուք դատախազ Վարդապետյանը դեմքն է, բագիրան է, բոլորին նստեցնում է: Իր ներքին մոտիվացիաները մի կողմ եմ թողնում: Հայ ժողովուրդս դրանից փրկվելո՞ւ է, թուրքը Ջերմուկից հեռանալո՞ւ է: Եթե իմանամ՝ իմ «նստելով» գոնե տղերքի աճյունները հետ կտան ծնողներին, հենց հիմա կգնամ, ցանկացած բան կվերցնեմ ինձ վրա: Ես գնամ ասեմ՝ ես եմ արել»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա՝ մեզ հրամցվում է սինթետիկ 7D, 3D իրականություն, որը մեզ հետ ոչ մի կապ չունի:
«Եվ ես պարբերաբար փորձում եմ ցավեցնել ժողովրդին, որ արթնանան: Ուրիշ տարբերակ չկա»,- նշել է Արմեն Աշոտյանը: