Արցախի բոլոր երեխաների իրավունքները պետք է հարգեն, ոչ ոք իրավունք չունի քեզ խանգարել՝ ապրելու Հայրենիքում. Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի հիմնադիր 

«Սուրբ Ծնունդն ավելին է, քան մոմերի լույսերն ու ուրախությունը: Դա բարությունն է, վերածնված հույսը: Ամեն Նոր տարի յուրաքանչյուրս ցանկանում ենք բարգավաճ տարի: Իմ հայ ազգին մաղթում եմ առողջություն ու տնտեսական զարգացում, և ամենակարևորը՝ աշխարհը ճանաչի Արցախն իբրև պետություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկյանը:

Նա կարևորեց դժվարին այս օրերին հայերի միասնական լինելն ու դժվարությունները համախմբված հաղթահարելը:

«Մենք չպետք է տարանջատվենք, միասնական պետք է լինենք թե՛ Հայաստանում, թե՛ դրսում: Արցախի բոլոր երեխաների իրավունքները պետք է հարգեն: Յուրաքանչյուր երեխա ունի իր մանկությունը վայելելու, սովորելու, խաղալու իրավունք։ Ոչ ոք իրավունք չունի քեզ խանգարել՝ ապրելու Հայրենիքում: Խաղաղություն եմ մաղթում Հայաստանում և Արցախում»,- նշեց նա:

Սարգիս Կարամեկյանը, ի դեպ, արտերկրում ապրող այն հայերից է, որ գրեթե ամեն օր սեփական Rádio Armenia Eterna-ի եթերում բարձրաձայնում է Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով Ադրբեջանի իրականացվող քայլերի մասին, փորձում հրավիրել մարդկանց ուշադրությունը՝ 21-րդ դարում կատարվող հակամարդկային քայլերին:

Կարդացեք նաև

Այս օրերին նա հասցրել է հանդիպել բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի հորը, խոսել Արցախ-Հայաստան ճանապարհի փակման մասին՝ կարևորելով դրանց մասին բարձրաձայնելը:

«Սպասում եմ, որ արցախցի երեխաները վիդեո ուղարկեն, որը կտարածեմ թե՛ ես, թե Նեյմարի ընտանիքը: Ինչպես գիտեք, մոտ երկու շաբաթ առաջ զրուցել եմ արցախցի երկու երիտասարդների հետ, ովքեր ֆուտբոլիստ են: Նրանք ասացին, որ տեսանյութ են պատրաստել ֆուտբոլիստներ Մեսսիի և Մբապեի համար, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում Արցախում, և խոսեն այդ մասին: Ես խոստացա, որ եթե նմանատիպ տեսանյութ պատրաստեն՝ ուղղված բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին, ամեն ինչ կանեմ, որ հասնի նրան»,- հավելեց Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի հիմնադիրը:

Հիշեցնենք՝ 26 օր է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Տեսանյութեր

Լրահոս