Ի՞նչ կլինի, եթե ՌԴ զորքերը չլինեին կամ դուրս բերվեն Արցախից. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության գործառույթների թեման հատկապես Հայաստանը կապող միջանցքի փակման համատեքստում շատ քննարկվեց։
Այն քննարկելի էր նաև 2020-ի պատերազմի ավարտն ազդարարող հրադադարից մեկ ամիս անց՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո, ինչպես նաև՝ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, երբ ադրբեջանական զորքերը խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, ներխուժեցին Փառուխ գյուղ և Քարագլուխ լեռնաշղթայի տարբեր բարձունքներ։
Ունե՞ր ՌԴ-ն գործառույթ կանխելու ադրբեջանական ագրեսիան՝ այո՛, որովհետև դա հակասում էր նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությանը։
Արդյո՞ք ՌԴ խաղաղապահ առաքելությունն իր որևէ գործառույթ չի իրականացնում, իհարկե, այդպես չէ։
Պետք է՞ դնել ռուսական առաքելության՝ Արցախից դուրս բերելու հարցը, միանշանակ ո՛չ։
Ի՞նչ կլինի, եթե ՌԴ զորքերը չլինեին կամ դուրս բերվեն Արցախից։ Բնականաբար Ադրբեջանը չի բավարարվի միայն միջանցք փակելով և մեծ սպառնալիք կստեղծվի ադրբեջանական հարձակման համար։
Արդյո՞ք այդ սպառնալիքը հիմա չկա։ Կա, բայց ավելի քիչ է դրա ռիսկը, կա նաև մասշտաբի հարց։
Եթե նույնիսկ ՌԴ-ն իր ներկայությամբ կարողանում է հետաձգել այդ հարձակումը և ժամանակ ձգել, դա ևս վատ չի, այլ բան է, որ պետք է ժանանակն օգտագործել և պատրաստվել։
Ի՞նչ կփոխի, եթե Արցախում տեղակայվի բազմազգ խաղաղապահ առաքելություն, ինչպես ՀՀ իշխանությունն է բարձրաձայնում։ Իսկ արդյո՞ք միջազգային հանրությունն ունի նման ցանկություն։
Կկանխի՞ բազմազգ խաղաղապահ առաքելությունն ադրբեջանական նոր ագրեսիան՝ ոչ մեկ չի կարող միանշանակ ասել։
ՌԴ-ի հետ պետք է առավել քան երբևէ ինտենսիվ աշխատել՝ հասկանալու համար, թե ինչպես և ինչ պետք է անել զսպելու ադրբեջանական հնարավոր ագրեսիան։
Ինչ անելը սկսում է ազնիվ շփումներից և շարունակվում է տարածաշրջանում ռազմական բալանսի վերականգնմանն ուղղված քայլերից։ Սա իհարկե ՀՀ այս իշխանության պարագայում բացառվում է, որ սրանք հակառակ ուղղությամբ են շարժվում։
Ինչ վերաբերվում է միջազգային մյուս դերակատարներին, ապա նրանցից շատերն Ադրբեջանի վրա ունեն իրական ազդեցություն և մեծ ցանկության ու լավ աշխատանքի միջոցով կարելի է իրավիճակ փոխել։