«Ադրբեջանին հավատալը պարզապես ծիծաղ է առաջացնում». Լեռնիկ Հովհաննիսյան

Ադրբեջանն Արցախը շրջափակելուն զուգահեռ՝ միջազգային հանրության աչքին «մարդասեր» է ձևանում, մեկ հայտարարում է, թե «վերանորոգելու»  է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, իբր «հումանիտար քայլ», մեկ էլ հայտարարում, թե Արցախում հումանիտար ճգնաժամ չկա, մինչդեռ այս պահին տասնյակից ավելի հիվանդներ չեն կարողանում տեղափոխվել Երևան՝ բուժում ստանալու համար։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ադրբեջանն ու «մարդասիրություն» հասկացությունները միմյանց հակասող են, դրա վառ ապացույցը ոչ միայն այն բարբարոսություններն են, որոնք Ադրբեջանը թույլ է տալիս իր կողմից օկուպացված տարածքներում հայկական հուշարձանների նկատմամբ, այլև Բերձորի ճանապարհի փակումն է, որն Արցախի համար կյանքի ճանապարհ է։

«Բերձորի հանձնումից առաջ մենք կարողացանք այդ տարածքներում եղած հուշարձանները հանել, հակառակ դեպքում դրանք էլ կարժանանային այն նույն ճակատագրին, ինչ, օրինակ, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, Կանաչ ժամը և այլ հուշարձաններ՝ պարզապես կոչնչացվեին։

Քաշաթաղից հանած հուշարձաններն այսօր գտնվում են Ստեփանակերտում։ Դրանց վերաբերյալ տարբեր առաջարկություններ ենք ստացել, ցավոք, ճանապարհը փակելու հետևանքով այդ հարցն այդպես մնացել է, մեզ խանգարեց այս շրջափակումը։ Իրավիճակը կայունանալու դեպքում մեր որոշումներն ի կատար կածվեն»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Կարդացեք նաև

Լեռնիկ Հովհաննիսյանը նաև նշեց, որ այս պահին չունեն հստակ տվյալներ, թե Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում քանի հուշարձան է իսպառ ոչնչացվել։

«Ցավոք, նման տեղեկություններ չունենք, միայն ենթադրություններ են։ Միջազգային այն բոլոր կազմակերպությունները, որոնք կոչված են հակամարտության գոտիներում զբաղվել մշակութային ժառանգության պահպանության խնդրով, Ադրբեջանն այդ կազմակերպությունների մուտքն արգելում է։ Եթե որոշակի տեղեկատվություն էլ կա, ապա դրանք արբանյակային ծրագրերի օգնությամբ ենք ստացել։ Բայց թե կոնկրետ քանի հուշարձան է ոչնչացվել՝ տեղեկություններ չունենք»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններին, Լեռնիկ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմն արդեն իսկ կասկածի տակ է դրել Ղազանչեցոց եկեղեցու հայկականությունը, հետևաբար՝ արդեն պետք է պատկերացնել՝ այդ «վերականգնելու» հետևում ինչ է թաքնված։ Նույնը վերաբերում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ՝ Կանաչ ժամ եկեղեցուն, որը նրանք ուղղափառ եկեղեցի են համարում։

«Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վերաբերյալ արդեն նրանք տանում են ուղղափառացման գործընթաց, դրա դեմ պետք է ամեն միջոցներով պայքարել։ Ադրբեջանին հավատալը պարզապես ծիծաղ է առաջացնում, ինչպե՞ս հավատալ Ադրբեջանին, երբ նրա բռնապետական քաղաքականությունը հայերի նկատմամբ շառ վառ է դրսևորվում։

Նույնը վերաբերում է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցուն, տեղեկություններ չունենք։ Սակայն տարբեր զրույցների մակարդակով լսել ենք, որ փորձում են ինչ-որ ձևափոխություններ կատարել, և հավանաբար կթողնեն եկեղեցի, բայց այլ անվան տակ, կամ էլ ինչպես արդեն իսկ հայտնի է՝ կվերածեն մզկիթի, սրա վերաբերյալ Բերձորը հանձնելուց առաջ նախագծեր էին շրջանառում։ Կոնկրետ հիմա չգիտենք, թե ինչ վիճակում են թե՛ Սուրբ Համբարձման եկեղեցին, թե՛ Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցին»,- եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է:

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս