«2023թ. կենաց-մահու կռիվ է լինելու. պատրաստվե՛ք պատերազմի». Աբրահամ Գասպարյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդման 2022թ. վերջին թողարկման ընթացքում «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը հորդորեց պատրաստ լինել չընդհատվող պատերազմի ռազմական գործողություններին:
«Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղի խնդիր գոյություն չունի, հաջորդը լինելու է՝ Սյունիքի խնդիր գոյություն չունի, մինչև հասնելու են Երևանի դարպասներ: Հաջորդ պատերազմը շատ հնարավոր է, որ լինի արդեն Երևանի դարպասների մոտ, որովհետև խնդիր է դրված այս միջանցքի կարգավիճակի հստակեցման. Միլիարդավոր դոլարների մասին է խոսքը: Եթե այդ խաղաքարտը ճիշտ շահարկել չես կարողանում, բոլորի շահերի ոչ թե հատման, այլ բախման խաչմերուկ ես դարձրել, բոլորն էլ եկել են հիմա իրենց խոստումների հետևից, և դու հայտնվել ես այնպիսի հիմար վիճակում, որ ի՞նչ ես շահելու Ռուսաստանին, Իրանին կամ ԱՄՆ-ին մեղադրելով: Գործ արեք, առաջին հերթին, հեռանալով իշխանությունից, թեպետ սրանք պետք է իշխանազրկվեն»,- ասաց նա:
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ 2023թ. լինելու են շատ լուրջ գործընթացներ: Հայակործան այս քաղաքականության ընդհատումը լինելու է հենց այն արժանապատիվ երիտասարդների ձեռքով, որոնք, ներողություն, թքած ունեն և ունենալու են ցանկացած ուժի նկատմամբ, որը կփորձի Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի պետական շահերը ոտնակոխ անել այնպես, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ: Լինելու է կենաց-մահու կռիվ: Ընդ որում՝ այդ կենաց-մահու կռիվը ոչ թե թուրքերն են մեզ պարտադրելու, այլ լինելու է ներսում, որովհետև մինչև սրանք իշխանությունից չզրկվեն, մենք որևէ շանս չենք ունենալու՝ պետություն պահելու: Այն թուրքական գիծը, որ Հայաստանում իշխում է վերջին 4-4.5 տարում, այդ գործողությունների շարքը պետք է ընդհատվի, առաջին հերթին, Երևանն ազատագրելով Թուրքիայի և Ադրբեջանի շահը սպասարկող կոլաբորացիոնիստական իշխանությունից»,- շեշտեց նա:
Աբրահամ Գասպարյանն ընդգծեց՝ ապրում ենք 1918թ. մայիսի 20-28-ի ժամանակաշրջանում, իսկ գլխավոր մարտերը հենց մայիսի 22-ին են սկսվել Սարդարապատում.
«Մենք ականատես ենք լինելու այդ ամենին: Ես իմ ժողովրդի զավակն եմ և հորդորում եմ պատրաստ լինել չընդհատվող պատերազմի ռազմական գործողություններին դարձյալ: Պետք է ինքնախաբեությամբ չզբաղվենք. այո՛, պատերազմ լինելու է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում