«Միրգ-բանջարեղեն վաղուց չկա, մնացել են միայն թանկ ապրանքները՝ զեյթունի ձեթ, իտալական մակարոնեղեն». իրավիճակը՝ Արցախում
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ բնապահպանների կեղծ քողի տակ թաքնված ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից փակվելու 15-րդ օրն է լրանում այսօր: Երկիրն ընկղմված է պարենի, դեղորայքի ու վառելիքի խորը դեֆիցիտի մեջ: Արցախից եկող տեղեկություններն էլ հուսադրող չեն:
Արցախում կա կանխիկ գումարի ստացման խնդիր, մեկ միլիոն դրամից ավելի հնարավոր չէ կանխիկացնել, և այս առումով անհանգստություն, իհարկե, կա:
Խանութներում հերթեր են, հացը շուտ է սպառվում:
«Այնպես չէ, որ խանութները կատաստրոֆիկ դատարկ են: Թանկ ապրանքները մնացել են. օրինակ, թանկ ձեթեր, իտալական մակարոնեղեն կա: Էժան ապրանքները չկան արդեն: Չկա ձեթ, կաթնամթերքը քիչ է շատ, միրգ-բանջարեղեն արդեն մոտ մեկ շաբաթ չկա: Գները, կարելի է ասել, չեն թանկացել, որովհետև վերահսկողություն կա: Պետությունը վերահսկում է գները, մտնում են խանութներով շրջում են»,- 168.am-ին տեղեկացրեցին Ստեփանակերտից: