Աստված կավից մարդ է ստեղծել, սրանք եկան՝ մարդուց կավ սարքեցին. Լևոն Ջավախյան
«Սիրտս հրճվանքից պայթում էր, երբ տեսա հրապարակում հավաքված ժողովրդին: Արցախը դարեր շարունակ Հայաստանի դոնորն է եղել՝ հատկապես հյուսիսային շրջաններում. արյուն է ներարկել մեզ, հիմա էլ՝ ոգի է ներարկում»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած երեկվա համաժողովրդական հանրահավաքին՝ նշեց արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանը:
Արձակագիրը թեև կարծում է, որ գործող իշխանություններն ամեն կերպ այդ ոգին հօդս են ցնդեցնում, սակայն այս հավաքով ինքը հույսի նշույլներ է տեսնում:
Լևոն Ջավախյանի համոզմամբ՝ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործունեությունը կդառնա այն կայծը, որ մեկ անգամ ևս պետք է պայթեցնի Արցախը:
«Այդ պայթյունը լուսավառ է լինելու, և նորից վերագտնելու ենք Արցախը:
Իսկ սրանք եկել են ծրագրով, և իրենց հիմնական ծրագիրն այն է, որ ՌԴ-ի ոտքի տակից հողը դուրս քաշեն, ու հատկապես Արցախի հարցը լուծեն՝ ըստ Արևմուտքի, ինչը նշանակում է Արցախը տալ Ադրբեջանին: Դա չի՛ լինելու»:
Մեր զրուցակիցն այս համատեքստում անդրադարձավ նաև վարչապետի տիկնոջ ֆեյսբուքյան գրառմանը, որով անդրադարձել էր արցախցի երեխաների՝ «կյանքի ճանապարհը» բացելու մասին կոչերին:
«Բա որ 2018 թվականին իրենք երեխաների ձեռքին Նիկոլի նկարն էին տալիս, Նիկոլն էլ երեխաներին քաջալերում էր, ասում՝ դպրոց մի գնացեք, բա դա ճի՞շտ էր»,- Աննա Հակոբյանին հակիրճ հակադարձեց Լևոն Ջավախյանը:
Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը հիշել էր, որ դեռ երկու տարի առաջ, երբ ինքը փորձում էր պատերազմից ընդամենը մեկուկես ամիս անց տոնածառ տեղադրել Ստեփանակերտում, իրեն չթույլատրեցին և թիրախավորեցին, այնինչ այսօր այդ նույն երեխաներին նրա ձևակերպմամբ «օգտագործում են» Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը բացելուն ուղղված կոչերով տարատեսակ ակցիաներում:
«Այս իշխանությունները եկան-փչացրեցին ժողովրդի այն հատվածին, որը մտավորական չէր. ես բազմիցս ասել եմ՝ Աստված կավից մարդ է ստեղծել, սրանք եկան՝ մարդուց կավ սարքեցին:
Ժողովրդական զանգվածը կա, եղել է և կլինի, բայց ազգային զարթոնքի համար մերան էր պետք. ես հիմա այդ մերանը տեսնում եմ Արցախում, և ազգային զարթոնքը կրկին կլինի Ղարաբաղից»,- ամփոփեց հրապարակախոսը: