«Այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը՝ նորություն չէ, դրան հետևելու են այլ գործողություններ, որին մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի». Արթուր Աղաբեկյան
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետությունում ամեն ինչ անում են՝ արցախահայության ձայնը լսելի դարձնելու աշխարհին։ Ադրբեջանը փակելով Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փաստացի ցեղասպանության եզրին է կանգնեցրել 120 հազար արցախահայերի։
Դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որտեղ արցախահայությունը միանշանակ աշխարհին, այդ թվում՝ Ադրբեջանին, հստակ ասաց՝ մինչև վերջ պայքարելու է Արցախում ապրելու և այն հայկական պահելու համար։
168.am-ի հետ զրույցում, խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի և հարցը լուծելու անհրաժեշտ քայլերի մասին, Արցախի հերոս, Արցախի նախկին փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը կարճ մեկնաբանեց.
«Միանշանակ Հայաստանում, սփյուռքում և առհասարակ հայությունը պետք է անի այն, ինչ այսօր անում է արցախցին։ Իսկ Հայաստանը պետք է իր ամբողջ կարողությունները, ջանքերը ներդնի, որպեսզի միջագային հանրության վրա բավարար ճնշում գործադրի, որ նա իրեն հասանելիք գործողություններն իրականացնի՝ Արցախը շրջափակումից դուրս բերելու համար։
Մյուս կողմից էլ՝ այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը՝ նորություն չէ, դրան հետևելու են այլ գործողություններ, որին մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի։ Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը չի բավարարվել ստորագրված փաստաթղթով և շարունակելու է իր գործողությունները։ Հայաստանն այժմ ունի միայն մեկ ճանապարհ՝ փորձի հզորանալ, իր բոլոր ինստիտուտները կառուցի, բանակը վերականգնի, որպեսզի ոչ թե մուրացողի կարգավիճակ ունենա, այլ իր անվտանգային խնդիրները փորձի արժանապատիվ ու իր կարողությունների չափով լուծել»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4-ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մեկ հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը մահացել է։