Նիկոլը չափերը լրիվ անցնում ա. բացատրել են՝ մեծ փոսի մեջ է ընկել… վերջը եկել է. Մարինե Պետրոսյան
Հայաստանն այսօր այնպիսի իրավիճակում է, որ Նիկոլ Փաշինյանի պարտությունն ընտրություններում հաստատ չէ, բայց շրջադարձի հնարավորություն այսօր կա։ Այսպիսի տեսակետ հայտնեց 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում բանաստեղծ Մարինե Պետրոսյանը՝ խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների և ընդդիմության հնարավորությունների մասին։
«Մենք ունենք ուժեր, որոնք հնարավորություն ունեն հաղթելու, բայց միայն քաղաքական, դասական ձևով Նիկոլ Փաշինյանի հաղթել հնարավոր չէ։ Պետք է, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հաղթենք և հեռացնելուց հետո էլ մեր երկիրը վերականգնենք, և մեր մարդկանց հոգեբանության մեջ պետք է շրջադարձ լինի, և ես կարծում եմ, որ այդ շրջադարձի հնարավորությունն այսօր կա»,- կարծում է Մարինե Պետրոսյանը։
Բանաստեղծը լուրջ փոփոխություններ է տեսնում հասարակական տրամադրություններում և այդ առումով կարևոր ցուցիչ է համարում նախորդ կիրակի Փաշինյանի ու արցախցի Արմինե Մոսիյանի միջև մետրոյում տեղի ունեցած հայտնի միջադեպը և հանրային արձագանքը տեղի ունեցածին։
«Բոլորս գիտենք՝ ինչ ծանր վիճակ է առաջին հերթին մեր երկրում և մեր շուրջ, բայց մի քանի օր առաջ մետրոյում տեղի ունեցած դեպքն ինձ համար լավ նշան էր, որ տրամադրությունները փոխվում են։ Իհարկե, այն տհաճ միջադեպ էր, բայց լավ նշան էր։ Ես շատ եմ տեսել ընտրություններ և շատ եմ տեսել՝ ինչպես է լինում ինչ-որ մի դեպք, կամ ինչ-որ մի տեղ է հասնում, որ փոխվում են մարդկանց տրամադրությունները։ Ես կարծում եմ՝ մետրոյի այս դեպքը կարող է հենց դա լինել առաջիկա մեր ընտրություններում։
Տեսեք, այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը հենց էդտեղ չափն անցավ. նա շատ վաղուց էր չափն անցնում, շատ վաղուց էր «համը հանում», բայց ոչ մի անգամ էսպես հասարակական մեծ հակազդեցություն չէր եղել։ Ես շշմեցի, որովհետև տեսա մարդկանց արձագանքները։ Ես տեսա, որ անգամ մինչև այսօր Նիկոլին պաշտպանողներն էին քննադատում, և մեկը չէր, երկուսը չէր՝ շատ էին։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ՝ փաստորեն, իսկապես հակադարձում տեղի ունեցավ՝ այդ քարտեզը՝ անԱրցախ Հայաստանի քարտեզը, որ անընդհատ ուզում էր արցախցի կնոջը պարտադրել, փաստորեն իրենց «ոչ» ասվեց»,- պատմեց Մարինե Պետրոսյանը։
Այս դեպքի առնչությամբ բանաստեղծը հիշում է 1988-ի Արցախյան շարժումն ու շարժման ազդեցությունն իր հայացքների ու աշխարհընկալման վրա, Արցախի հարցի նշանակությունն ամբողջ հայության վերելքի ու զարթոնքի համար։ Ի հեճուկս օրվա իշխանավորների բոլոր պնդումների՝ Մարինե Պետրոսյանը շեշտում է՝ Արցախյան շարժումն իրավունքի, ինքնասիրության, ազգային արժանապատվության շարժում էր։ Այս լույսի ներքո էլ խոսելով փաշինյանական թիմի նախընտրական «պերաշկի-կուկուռուզ» մակարդակի քարոզչության մասին՝ հակադարձում է. «Հայրենիքը պերաշկիի հակառակն է»։ Փաշինյանի թիմի «ուրախ ավտոբուսի» քարոզարշավն էլ բնորոշում է ընդամենը մեկ արտահայտությամբ. «Դա քաղաքական ստրիպտիզ էր»։

Իսկ մետրոյի միջադեպի առնչությամբ շեշտում է՝ մարդկանց զանգվածային արձագանքները ցույց էին տալիս՝ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ ԱՐՑԱԽԸ։
«Այս դեպքի մեջ և արձագանքի մեջ ես տեսա, որ Ո՛Չ, մենք չենք մոռացել Արցախը, մենք չենք մոռացել՝ ինչ է մեզ համար Արցախը, և դա շատ լավ նշան էր։ Եվ հետո ինչ կատարվեց Նիկոլ Փաշինյանի հետ՝ ասեց, թե՝ «ես տենց բան չեմ ասել», հետո ներողություն խնդրեց։ Ակնհայտ էր, իր PR խորհրդականները բացատրել էին, որ ինքը մե՜ծ փոսի մեջ է ընկել և գոնե ներողություն խնդրի, որ մի քիչ փոսը թուլացնի։ Բայց այդ ներողությունն ուշացած էր։ Եթե ինքն այնտեղ տեսնում էր երեխային, այդ երեխայի աչքերը որ տեսնում էր՝ պիտի այդ ժամանակ ուշքի գար»,- ընդգծում է մտավորական գործիչը։
Մարինե Պետրոսյանն ապշած էր, երբ ծանոթացավ Փաշինյանի այսօրվա՝ մարտի 26-ին Կառավարության ճեպազրույցում արված հայտարարություններին նույն Արցախի հարցի ու «ցեղասպանությունների խոսույթը» դադարեցնելու մասին։ Բայց պատմում է, որ «Նիկոլի պատճառով» սկսել է Ֆրեյդ կարդալ։
«Ցանկացած մարդու մեջ կա մի հատ մտային շերտ, բայց մարդը նաև բնազդային, անասնական մաս ունի, անասնական բնազդներ էլ ունի, և ինքը դրանց միջոցով է փորձում ազդել։ Ընդհանրապես, վախը սարսափելի բան է, որ ուղեղին հաղթում է հաճախ, և այն, որ ինքը մինչև հիմա կա՝ նստած է երկրի ղեկին, դրանով է նստած՝ երբեմն հակասական բաներ ասելով, բայց արդյունքում այնպես անելով, որ ինքը միշտ ճիշտ դուրս գա։ Հիմա ես կարծում եմ՝ դրա վերջը եկել է, և ահագին մարդիկ արթնացել են»,- նշեց բանաստեղծը։
Մարինե Պետրոսյանը հույսեր է կապում ընդդիմադիր ուժերի հետ՝ Փաշինյանի «պատերազմական շանտաժի» առնչությամբ ընդգծելով, որ «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ԲԱՑԱՏՐԻ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԵՆՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԲԵՐԵԼ»։

«Մենք պետք է այդ ձևը գտնենք, որ այս ատելությունը հանենք և այս փոսից դուրս գալու համար միավորվենք՝ միասնական դառնանք»,- հավելում է նա։
Մարինե Պետրոսյանը հիշեցնում է՝ բոլոր իշխանություններն ու իշխանավորներն էլ ժամանակավոր են, ոչ ոք հավերժ չի մնում իշխանության գլխին. «Բոլորն էլ գնում են, ուղղակի էնպես չլինի, որ Հայաստանն էլ հետը տանի»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։




