Հայաստանն իր բացահայտ մանևրներն է անում, ինչին Լավրովն արձագանքում է. ռուս վերլուծաբան

Լաչինի միջանցքի շրջափակման թեման դարձավ հայ-ռուսական հերթական բարձրաստիճան կշտամբանքների ու աննախադեպ կոշտ տոնայնության պատճառ։ Վերջին տարիներին հայ-ռուսական հրապարակային հարաբերություններում քննադատական տոնայնությունն անընդհատ սրության նորանոր մակարդակներ է ձեռք բերում՝ յուրաքանչյուր նոր սկանդալ ավելի սուր ու աննախադեպ է դառնում, քան նախորդը։ Սա այլևս միտում է հայ-ռուսական հարաբերություններում, որը դեռ շարունակվելու է։

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսվող եռակողմ Միրզոյան-Լավրով-Բայրամով նախապես համաձայնեցված հանդիպմանը Երևանի չմասնակցելու որոշումը Լավրովը և Բայրամովը կարողացան լավագույնս օգտագործել՝ Երևանին ներկայացնելով ապակառուցողական կողմ, իսկ Լաչինի միջանցքում շարունակվող ճգնաժամը ներկայացնելով ադրբեջանական լույսի ներքո։

Լավրովի կողմից քննադատության արժանացավ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը ռուս խաղաղապահների դեմ իր հայտարարությունների համար, այլև Արարատ Միրզոյանը, որը, ըստ Լավրովի, առանց նախապայմանների մեկնում է եվրոպական մայրաքաղաքներ  բանակցությունների, ինչպես նաև դիվանագիտական խողովակներով չի հաղորդում հանդիպման չեղարկման մասին։ Քննադատություններից զերծ չմնաց նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ում սկզբից անդրադարձավ Ջեյհուն Բայրամովը՝ հորդորելով անհապաղ հեռանալ Արցախից, այնպես էլ Լավրովը` ասելով, թե Վարդանյանը որևէ կապ չունի Ռուսաստանի ու ՌԴ իշխանությունների հետ։

168am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ռուս-ադրբեջանական բանակցությունները, ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա, ինչը պայմանավորված է այն քննադատություններով, որոնք հնչում են Ռուսաստանի քաղաքականության և այս փուլում՝ նաև ռուս խաղաղապահների հասցեին։

Ըստ նրա, Մոսկվան դրանց ինչ-որ կերպ պետք է անդրադառնա ու արձագանքի, և փաստորեն որոշ մեկնաբանությունների համար ընտրվեց այդ հարթակը։

Բայց, նրա խոսքով, հրապարակային դիվանագիտությունը երբեմն քիչ կապ ունի քաղաքականության հետ, սա ՌԴ ԱԳ նախարարը ևս արձանագրեց նախօրեին՝ քաղաքականությունը տարանջատելով հրապարակային հայտարարություններից։ «ՌԴ շահերը ռեգիոնում կապված են թե Հայաստանի, թե Ադրբեջանի, ներկայումս նաև՝ ոչ պակաս կարևոր Լեռնային Ղարաբաղի հետ։ Եթե մի կողմ թողնենք հրապարակային հռետորաբանությունը և ուշադրություն դարձնենք լուրջ հարցերի մեկնաբանություններին, կտեսնենք, որ ռուսական քաղաքականությունը հենց այդ երեք սուբյեկտի հետ է աշխատում։ Ես հավելյալ չէի դրամատիզացնի իրավիճակը։ Հայաստանն իր բացահայտ մանևրներն է անում, դրան ևս Լավրովն արձագանքում է։ Շատ ուղղություններով է Ռուսաստանի համար բարդ, ռուս-ադրբեջանական հարաբերություններում ևս խնդիրներ կան, նախօրեի ասուլիսում կային ակնարկներ նաև ադրբեջանական կողմի համար, սակայն ՌԴ-ի և ռուս խաղաղապահների դեմ Ադրբեջանն աշխատում է ստվերում և ոչ հրապարակային ու պաշտոնական հարթությունում։

Բնականաբար, այս բոլոր խնդիրները Ռուսաստանի համար պետք է բացատրել գլոբալ օրակարգով՝ Ուկրաինայի հարցով։ Շատ հարցեր նման սրություն չեն ունենա, Ռուսաստանի դեմ այլ գոտիներում խնդիրներ չեն լինի, եթե այս թեժ փուլը հաղթահարվի։ Ներկայիս անցումային փուլում Ռուսաստանի համար ցնցումներն իր ազդեցության տարբեր գոտիներում բնական երևույթ է»,- ասաց Լուկիանովը։

Խոսելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին՝ նա նշեց, որ ռուսական կողմի համար ստեղծված իրավիճակը ու դրանում ՌԴ ակնհայտ անհարմարությունը ևս հիմքեր է ստեղծում ՌԴ-ին ուղղված քննադատությունների համար։

«Որքան էլ ՌԴ-ն պատրաստ լինի նման իրավիճակների, սա խնդրահարույց է, խնդրահարույց է երբ կողմերի կողմից հրավիրված խաղաղապահների համար ստեղծվում են անհաղթահարելի իրավիճակներ, կանգնեցնում են նրանց բարդ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև՝ այն դեպքում, երբ Ռուսաստանը շատ այլ խնդիրներ ունի և խուսափում է դրանց ևս մեկն ավելացնել»,- ասաց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս