Ճանապարհի փակ լինելու պատճառով՝ ոմանք տեղավորվում են հյուրանոցներում, ոմանք էլ՝ ազգականների բնակարաններում

Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով, Սյունիքի մարզպետի որոշմամբ, դեկտեմբերի 13-ից մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեցին Սյունիքի մարզպետարանի լրատվական բաժնից:

Նրանց փոխանցմամբ՝ հիմնականում դիմում են կեցության խնդրով և առողջապահական հարցերով, ինչպես նաև փորձում են տեղեկություն ստանալ  ճանապարհի փակ կամ բաց լինելու վերաբերյալ:

Մարզպետարանից տեղեկացրեցին, որ ոմանք տեղավորվել են հյուրանոցներում, ոմանք էլ, եթե ազգականներ ունեն՝ նրանց բնակարաններում:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ մարզպետարանը լուծել է բոլոր այն մարդկանց խնդիրները, որոնք դիմել են կեցության, սննդի, նաև առողջապահական խնդիրներով (բուժօգնություն, դեղորայք և այլն)։

Կարդացեք նաև

«Ընտանիքներ են, երեխաների խմբեր: Փորձում ենք տարբեր համայնքներում միջոցառումներ, խաղեր կազմակերպել, որպեսզի երեխաները մի փոքր շեղվեն: Բաց էին նաև դպրոցները, ովքեր ցանկանում էին՝ կարող էին հաճախել դասերի: Այնպես չէ, որ բոլորը հոգեբանորեն պատրաստ էին, սակայն եղան նաև դպրոց հաճախող երեխաներ»,- նշեցին մարզպետարանի լրատվական բաժնից:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:

Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով:

Տեսանյութեր

Լրահոս