«Նոր աշխարհակարգում Հարավային Կովկասը դիտարկվում է որպես Թուրքիայի ազդեցության գոտի». Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոր աշխարհակարգում, որի կոնտուրների շուրջ հիմնական աշխարհաքաղաքական խաղացողները մեծ հավանականությամբ համաձայնության կգան արդեն առաջիկա ամիսներին, Հարավային Կովկասը դիտարկվում է որպես Թուրքիայի ազդեցության գոտի: Մայիսին սպասվող ընտրությունները լավագույն դեպքում կարող են փոխել դեկորացիաները, գուցե՝ սուլթանին, բայց թուրքական deep state-ը շարունակելու է գործել՝ ձգտելով ընդլայնել սեփական օյկումենան: (Հական Ֆիդանը դեռ անելիք ունի):
2007 թ.՝ ռուսական ռազմական բազան դուրս է բերվում Վրաստանից:
2012 թ.՝ ռուսական ռադիոլոկացիոն բազան դուրս է բերվում ադրբեջանական Գաբալայից:
Դժվար չէ կռահել հաջորդ թիրախը:
Առաջին անգամ անձամբ առերեսվեցի Թուրքիայի կողմից ռուսական գործոնի բացառման նկրտումներին դեռևս 2010 թ. փետրվարին, երբ Ստամբուլում մասնակցում էի TRACECA (Transport corridor Europe-Caucasus-Asia) գագաթնաժողովին՝ ներկայացնելով հայ-թուրքական սահմանին ՛՛Ռուսական երկաթուղիների՛՛ կողմից նախաձեռնված միջազգային լոգիստիկ կենտրոնի նախագիծը:
Ընդմիջման ժամանակ ինձ մոտեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներից մեկը՝ հարցնելով, թե արդյո՞ք ճիշտ չէր լինի, եթե Հայաստանը նման ծրագիր իրագործեր ինքնուրույն՝ առանց ռուսական կողմի: Պատասխանս դասագրքային էր՝ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և ինքն է որոշում, թե ինչ ձևաչափով և ում հետ մասնակցի այս կամ այն նախագծի: Այնուհետև հավելեցի, որ հայկական երկաթուղիները կառավարվում են ռուսական ընկերության կողմից, ու տրամաբանական է, որ այն շահագրգռված է լոգիստիկ կենտրոնի նախագիծն իրագործել՝ նպաստելով բեռնափոխադրումների ծավալի աճին: Լինելով ընկերության պաշտոնական ներկայացուցիչ՝ չէի կարող խոսակցությունը քաղաքական դաշտ տանել:
Պատասխանս չբավարարեց թուրք դիվանագետին, ու նա շարունակեց. Հայաստանում հասարակությունը դժգոհ է ռուսական ազդեցության աճից, առկա է դժգոհություն նաև ռուսական ըներությունից, իսկ դա կարող է խոչընդոտել հայ-թուրքական տրանսպորտային նախաձեռնությանն ու, առհասարակ, հարաբերությունների հաստատմանը: Ու թեև պատասխանեցի, որ դա արհեստականորեն գեներացվող աղմուկ է, շեշտադրումը պարզ էր. ռուսական գործոնը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, իսկ իրականում՝ Հայաստանում թուրքական գաղութականացման ծրագրի իրականացմանը:
Ապաշրջափակում առանց ռուսական կողմի մասնակցության՝ սա էր դեռևս ՛՛ֆուտբոլային դիվանագիտության՛՛ տարիներին Անկարայի կողմից որդեգրված ռազմավարությունը:
Այնուհետև սկսվեցին Հայաստանի բազմավեկտոր խաղերը, ավելի ուշ՝ ՛՛թավշյա հեղափոխություն՛՛ աշխարհաքաղաքական փայլուն օպերացիան:
Ի դեպ, պատահական չէ, որ այսօր ապաշրջափակման հեռանկարների մասին խոսելիս՝ ՀՀ պսևդո-իշխանությունները պարբերաբար հղում են անում 2009-2010 թթ. պատրաստված զեկույցների վրա»: