«Կա անհանգստություն, բայց բնակիչներից որևէ մեկը խուճապի չի մատնվում». Կարմիր Շուկայի գյուղապետ
Ադրբեջանը, արդեն 11 օր է՝ շրջափակման մեջ է պահում Արցախի Հանրապետությունը՝ 120 հազար արցախահայերով։ Թեպետ արդեն պարենի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջանում, սակայն արցախահայությունը չի ընկճվում։
168.am-ի հետ զրույցում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի ղեկավար Նարեկ Աթայանն ասաց, որ այս պահին դեռևս ամեն ինչ գյուղում նորմալ է, որևէ ապրանքի հետ կապված խնդիր չկա, միայն բենզինի որոշակի խնդիր է նկատվում։
«Փառք Աստծո, այս պահի դրությամբ անում ենք ամեն ինչ, որպեսզի խնդիրներ չլինեն։ Գյուղում չունենք հիվանդներ, որ տեղափոխելու հետ կապված խնդիրներ լինեն, դեղորայքի խնդիր նույնպես չունենք։ Բենզինի ու դիզվառելիքի պակասն է, որ մի թեթև զգացվում է, գազամատակարարման վերականգնման հետ միասին՝ մեքենաները սկսել են աշխատել։ Ճիշտ է, ապրանքներ կան, որոնք քիչ են, կամ գրեթե չկան, սակայն այդպիսի լուրջ խնդիրներ չեն առաջացրել»,- նշեց Նարեկ Աթայանը։
Կարմիր Շուկայի գյուղապետի խոսքով՝ բնակիչները միայն անհանգստանում են, սակայն խուճապի չեն մատնվում։
«Իրավիճակի հետ կապված՝ կա անհանգստություն, բայց բնակիչներից որևէ մեկը խուճապի չի մատնվում։ Հույս ունեմ, որ մենք կհասնենք նրան, որ այս հարցը վերջնականապես կկարգավորվի, և ամեն մեկն իր հողում, իր հայրենիքում կարարի ու կապրի։
Մենք առհասարակ չենք պատկերացնում, և դա անհնար է՝ Արցախն Ադրբեջանի կազմում՝ ոչ մի կարգավիճակով»,- շեշտեց Նարեկ Աթայանը։
Հարցին՝ ադրբեջանական բեռնատարները Կարմիր Շուկայով են անցնում, այս ընթացքում որևէ սադրանքի դիմե՞լ են, Նարեկ Աթայանը պատասխանեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում ադրբեջանական բեռնատարները Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհով չեն անցել։
«Մինչև սեպտեմբեր գրեթե այդ բեռնատարները չեն անցել, սեպտեմբերին, եթե չեմ սխալվում՝ 2-3 դեպք է եղել, որ անցել են։ Դեկտեմբեր-նոյեմբեր ամիսներին առհասարակ չեն անցել։ Տեղյակ չեմ՝ ինչպես են անցնում, հավանաբար նոր կառուցած իրենց ճանապարհով են անցել, մեր մայրուղով՝ Ստեփանակերտ-Կարմիր Շուկայի ճանապարհից չեն օգտվել։ Տարվա կտրվածքով էլ իրենց կանոնավոր շարասյունը չի անցել»,- եզրափակեց Նարեկ Աթայանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն դեկտեմբերի 19-ին Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը տեղափոխվել է Երևան, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը մահացել է: