Վերջին նկարահանող խմբերից ենք եղել, որ պրոֆեսիոնալ նկարահանել է Արցախի շատ եկեղեցիներ, ամրոցներ, որոնք հիմա օկուպացվել են Ադրբեջանի կողմից. Նարե Թադևոսյան

Օրերս Կինոյի տանը տեղի ունեցավ ֆրանսահայ ռեժիսոր Նարեկ Ոսկանյանի «Հայաստան՝ սուրբ երկիր» («Armenia Terra Sacra») ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմը Հայաստանի և Արցախի միջնադարյան ճարտարապետության մասին է, որտեղ ներկայացված են նաև Արցախի այն եկեղեցիները, ամրոցները, որոնք արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ օկուպացվեցին թշնամու կողմից:

Ֆիլմի պրոդյուսեր Նարե Թադևոսյանը 168.am-ին ասաց, որ սա իրենց երկրորդ ֆիլմն է, 2017 թվականին կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանի հետ ստեղծագործական խմբով եկել են Հայաստան և նկարել առաջին փաստավավերագրական ֆիլմը, որը կոչվում է «Հայաստանի գանձերը»:

«Ֆիլմն անդրադառնում է Հայաստանում և Արցախում պատմամշակութային վայրերին, եկեղեցիներին, ամրոցներին: Ֆրանսիայում ցուցադրվել է ավելի քան 30 վայրում՝ հայկական ասոցացիաներում, կինոթատրոններում: Ցուցադրվել է նաև Կանադայում և Բելգիայում: 2019 թվականին կրկին եկանք Հայաստան՝ այս անգամ ավելի շատ շեշտը դնելով Արցախի վրա, և նկարահանեցինք մեր երկրորդ ֆիլմը, որը կոչվում է «Հայաստան՝ սուրբ երկիր»:

Կարդացեք նաև

Ֆիլմի տևողությունը 65 րոպե է, ֆրանսերեն լեզվով, հայերեն ենթագրերով: Եղել է 7 ցուցադրութուն՝ ինչպես Փարիզում, այնպես էլ՝ Փարիզի շրջակայքում, ինչպես նաև Մարսելի կինոթատրոնում:

Թերևս, վերջին նկարահանող խմբերից ենք եղել, որ պրոֆեսիոնալ կերպով նկարահանել է բնությունը, Արցախի շատ եկեղեցիներ, ամրոցներ, որոնք հիմա օկուպացվել են Ադրբեջանի կողմից»,- նշեց Նարե Թադևոսյանը՝ հավելելով, որ այն պատմամշակութային ֆիլմ է, քաղաքական ոչինչ չի պարունակում, սակայն հիմա, քանի որ հաճախ Ադրբեջանը հայկական եկեղեցիները փորձում է ներկայացնել որպես ալբանական, այս կերպ նաև նրանց կեղծիքին է հնարավոր լինում պատասխանել, ապտակ հասցնել ֆիլմի միջոցով:

«Ֆրանսիացիների կողմից շատ լավ է ընդունվել, ցուցադրվել է նաև Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում: Ընդգծեմ, որ հստակ ներկայացվում են եկեղեցու խորհրդանիշերը: Մանրակրկիտ տեղեկություն ենք տալիս, ու այդ մասին խոսում է հայագետ Ժան Պիեռ Մահեն»,- հայտնեց Նարե Թադևոսյանը:

Այս օրերին, երբ ադրբեջանցի կեղծ «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, Նարե Թադևոսյանը կատարվող ամեն բան նկարահանում է, փորձում հասցնել ֆրանսիացիներին, որպեսզի իմանան իրականությունը:

«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ նկարահանեցի երեխաների, ովքեր չէին կարողացել վերադառնալ Արցախ: Ճանապարհը փակելն ադրբեջանական կողմի հերթական նախագիծն է՝ արցախահայության ընկճման, ողնաշարը կոտրելու համար»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս