![](/banners/BeFunky-design.jpg)
«Արցախն Ադրբեջանի կազմում տեսնո՞ւմ եք»․ Վահան Քերոբյանը չպատասխանեց հարցին՝ հորդորելով իրեն տնտեսությունից հարցեր տալ
![](https://168.am/wp-content/uploads/2022/11/Qerobyan.jpg)
Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողներն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրեցին, թե Արցախը 10 օրից ավելի լինելով շրջափակման մեջ՝ էկոնոմիկայի, տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել, արդյոք Արցախի գործընկերների հետ այս հարցերը քննարկե՞լ են։
«Քանի դեռ չունենք «խաղաղության պայմանագիր», ներդրումների համար ամենաբարենպաստ միջավայր, կարելի է ասել՝ չենք կարող ունենալ, որովհետև երկարատև խաղաղությունը խոշոր ներդրումներ ներգրավելու ամենակարևոր նախապայմանն է և միայն այդ դեպքում է հնարավոր ներգրավել խոշոր ներդրումային ծրագրեր»,- պատասխանեց Քերոբյանը։
Հարցին՝ տեղյա՞կ եք արդյոք, Արցախում պարենի խնդիրներ կա՞ն, Քերոբյանը պատասխանեց, որ մշտապես կապի մեջ է Արցախի իր գործընկերների հետ․
«Կարող եմ ասել, որ որոշակի տիպի պարենային ապրանքների խնդիր կա, հիմնականում դա թարմ գյուղմթերքին է վերաբերում, բայց նաև այլ ապրանքների, որոնք կամաց-կամաց սպառվում են»։
Ռուս խաղաղապահների միջոցով չե՞ք պատրաստվում օգտակար լինել արցախցիներին, արդյոք նման տարբերակ քննարկվե՞լ է՝ լրագրողները հարցրեցին նախարարին։
«Այդ հարցով զբաղվում են իմ գործընկերները՝ Անվտանգության խորհուրդը, ԱԳՆ-ն, մյուս գործընկերները, այս և այլ տարբերակներ են քննարկվում, բայց Կառավարության պաշտոնական տեսակետը հրապարակվում է իմ գործընկերների կողմից, որը ես չեմ ուզում կրկնել»։
Գործադիրի և օրենդիրի ձեր գործընկերները խուսափում են պատասխանել՝ Արցախն Ադրբեջանի կազմի մեջ տեսնո՞ւմ են, թե՞ ոչ, ինչպիսի՞ն է ձեր մոտեցումն այս հարցի վերաբերյալ, Վահան Քերոբյանին հարցրեցին լրագրողները։
«Ես այս հարցի վերաբերյալ վստահում եմ իմ գործընկերներին, և իմ գործընկերներին պետք է այդ հարցը տաք, ինձ տնտեսության մասին հարցեր տվեք»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են մեկ հոգու տեղափոխել Երևան՝ վիրահատելու նպատակով։