«ԼՂ հարցը կրկին միջազգայնացվեց: Ադրբեջանը հավանաբար հույս ուներ, որ Արցախը մեկ–երկու օրվա շրջափակումից հետո կգնա զիջումների». Տաթև Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.
«Մի քանի դիտարկում ՄԱԿ–ի ԱԽ–ում տեղի ունեցած քննարկման մասին՝
–ԼՂ հարցը կրկին միջազգայնացվեց: Ադրբեջանը հավանաբար հույս ուներ, որ Արցախը մեկ–երկու օրվա շրջափակումից հետո կգնա զիջումների, բայց դա տեղի չունեցավ: Կարևոր էր նաև, որ շատերը շեշտեցին, որ ռազմական ճանապարհով հարցերի լուծումն անընդունելի է: ՀՀ ԱԳՆ–ն էլ ճիշտ գործընթաց նախաձեռնեց՝ հաշվի առնելով հումանիտար աղետի վտանգը:
—Մի քանի երկրներ՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Նորվեգիա, Իռլանդիա հստակ հասցեական կոչեր հնչեցրեցին: Իռլանդիան նաև խոսեց ԼՂ կարգավիճակի ու ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ներքո բանակցությունների մասին, ինչը շատ լավ շեշտադրում էր:
–Երկրների մեծ մասը ավելի շատ երկկողմանի կոչեր էին հնչեցնում, բայց աներկբա նշում, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի:
—Ռուսաստանը ինչպես միշտ իրեն սխալ պահեց: Սա այն բացառիկ դեպքերից էր, որ ՌԴ–ն ներկայանում է միջազգային հարթակում ոչ թե բացասական, այլ դրական լույսի ներքո: Խոսվում էր ՌԴ դերի մասին հրադադարի հաստատման և խաղաղապահների կարևորության մասին: Բայց ՌԴ–ի ավանդական վախը, որ կարող է հարցի միջազգայնացումը հանգեցնել իրենց դիրքերի թուլացմանը, խանգարեց նրանց օգտվել այս հնարավորությունից: Ուստի անգամ կեղծում էին, թե մասնակի բաց է միջանցքը՝ չասելով, որ բեռները գնում են իրենց խաղաղապահներին և ոչ թե խաղաղ քաղաքացիական բնակչությանը: Այսօր միակ ելումուտը ունի Կարմիր Խաչը, որը ծայրահեղ ծանր հիվանդներ է տեղափոխում՝ փորձելով փրկել նրանց կյանքը: Այլ ելումուտ չկա Արցախ, որն ուղղված կլինի այն ապրող հայերին օգնելուն:
–Մեր ներկայացուցչի ելույթը լավ շեշտադրումներ ուներ, լավ էր, որ խոսեց նաև Ադրբեջանի՝ բռնապետական երկիր լինելու մասին: Ես շատ կուզեի, որ ԱԳՆ–ն բոլորին ցուցումներ տար, թե ինչ խոսել, ինչ չխոսել, այլ ոչ թե ՀՀ–ում ամեն մի պաշտոնյա խելքի փչածն ասեր: Եթե հարցով բացառապես ԱԳՆ–ն զբաղվեր և ոչ թե այսպես կոչված ԱԽ քարտուղարն ու ՀՀ–ն «օկուպանտ» համարող պատգամավորները, մենք շատ ավելի լավ իրավիճակ կունենայինք: Այս չհամակարգված վիճակը մեզ շատ է խանգարում և օգտագործվում է Ադրբեջանի կողմից մեր դեմ:
–Ադրբեջանը հասկացավ, որ ԼՂ–ն չի վերացել, հարցը չի լուծվել, ավելին՝ եթե ՀՀ–ն երկու տարի խելացի գործեր, այսօր իրենք չէին համարձակվի Լաչինի միջանցք փակել: Ռուբեն Վարդանյանի անունը այս նիստի ժամանակ հնչեցնելը ենթադրելի էր, քանի որ իրենց ամբողջ քարոզչադաշտը այն մասին է, որ Վարդանյանը պետք է դուրս գա Արցախից: Ուղղակի ակնհայտ է, որ բոլոր այն մարդիկ, որոնք չհանձնվելու, դիմադրելու, պարտության հետ չհաշտվելու կոչ են անում և աշխատում այդ ուղղությամբ Ադրբեջանի համար վտանգավոր են: Իրենց նպատակը հայ ժողովրդին հոգեբանորեն այնպես կոտրելն է, որ որևէ մեկը պայքարի ու դիմադրության իմաստ չտեսնի ոչ ՀՀ–ում, ոչ Արցախում:
Կբացվի՞ ճանապարհը այս քննարկումից հետո: Այս պահի դրությամբ ես այդ միտումը չեմ տեսնում: Միգուցե Ադրբեջանը հաշվարկել է, որ առաջիկայում տոներ են Եվրոպայում և ԱՄՆ–ում, ուստի շատերն անարձագանք կթողնեն Արցախից ու ՀՀ–ից եկող կոչերը: Կարևորը՝ շարունակենք աշխատել ու չհանձնվել, մենք հանձնելու ընտրություն չունենք: