«Ալիևը անորակ մարդ ա, կնոջն ա լսում, չի մտածում, որ մի օր էլ ինքը կտապալվի, կարծում եք՝ միշտ հաղթելո՞ւ է»․ Իվանյանի 82-ամյա բնակիչ
«Ճանապարհը փակ է, զալոժնիկ ենք մնացել»,- 168.am-ի զրույցում ծիծաղելով ասաց Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի 82-ամյա բակիչ Գյոզալ Մոսիյանը։
– Ձեր ծիծաղից արդեն պարզ է, որ թեթև եք նայում այս ամենին, խուճապ չկա, ճի՞շտ է։
– Չէ՛, ի՞նչ խուճապ, մեկ է՝ բացելու են, չենք վախենում։ Ադրբեջանցիներն ագահ մարդիկ են, ոսկու հանքի համար են այդպես անում, կարծում եք՝ բնապահպաննե՞րն են, բնապահպաններ չեն, ուղղակի ոսկու հանքի համար է, ասում են՝ ինչո՞ւ ոսկու հանքերը հայերին մնա, բայց սա ձե՞րն է։ Ղարաբաղում ոչ մի տեղն էլ իրենցը իլյալ չի ու ինյան էլ չի։ Ըտեղ ո՞նց եք։
– Ոչինչ, այդտեղի մասին մտածելով։
– Լավ ա ինյան, ամեն ինչ լավ ա ինյան, արխային։
– Գյուղում տրամադրությունները ո՞նց են, մարդիկ ի՞նչ են ասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
– Նորմալ է, ամեն ինչ նորմալ է, ուղղակի, որ ճանապարհը փակել են, մի քիչ սննդի պակասություն կա, ուրիշ ոչ մի բան, էն էլ հալա հերիքում ա, հալա յոլա քինալի ա։ Միևնույն է, գյուղի մարդն ապրելու է, ինչ էլ լինի։ Իրար յոլա տանելով դիմանալու ենք, ոչ մի բան էլ չի լինի։
– Ձեր խանութը դեռ կա, աշխատեցնո՞ւմ եք։
– Հա, հեն ա բացած, դատարկ նստած (ծիծաղում է,- Ն․Խ․)։
– Վերջացե՞լ է ապրանքը։
– Դե ոչինչ, այդքան էլ վերջացած չի։ Ամեն ինչ նորմալ ա, ստեղի հետի մտածեք մի։ Էդտեղի համար մտածեցիք, էդտեղ է վտանգի տակ։
– Տիկին Գյոզալ, Ձեր այդ ուժեղ լինելը որտեղի՞ց է գալիս։
– Դա արդեն սովորություն է, դա կամքի ուժ է։ Ամբողջ կյանքում ղարաբաղցին տուժվել է, ամբողջ կյանքում։ Ուղղակի էն առաջին պատերազմի ժամանակ, որ ոչ մի բան չկար, հաղթեցինք, հիմի չկարողացանք։ Պատճառը դնում են, իբր Թուրքիան է, դրա համար, բայց չէ, ներսից է ամեն ինչը։ Միևնույն է, եթե 100 թուրք էլ գար, եթե մեր ձեռքին զենք լիներ, կհաղթեինք, բայց այդպես է ստացվել, ի՞նչ անենք։ Մի Փաշինյան ունեք, սաղ հայերին մատների վրա ման ա ածում, մատի վրա պարեցնում է հայերին, իսկական թուրքի ազգի հերոս է, ասում է՝ ես չեմ վիրավորվում, որ ինձ թուրք են ասում։ Դե ինչի՞ վիրավորվես, թուրքի համար ես աշխատում։ Ինչքան շուտ նա հեռանա, այնքան շուտ այս խնդիրները կլուծվեն։ Դուք չգիտե՞ք, որ պարտվող թագավորը կամ փախել կորել ա, կամ ինքնասպան ա եղել, դա պարտվել է հերիք չի, պատիվն էլ դրել մի կողմ, կակ բուդտո ոչ մի բան չի եղել, հերթով մաս-մաս տալիս է։ Ինքն ու իր շրջապատը, էն ծախված ոստիկանները, որ իրեն պահում է․․․ Հատե էտա դժվարը։
– Թշնամին ամեն քայլի դիմում է, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծի, խուճապ տարածի և հայաթափի Արցախը։ Հնարավո՞ր է նման բան, որ արցախցիները լքեն իրենց հայրենիքը։
– Հա, ամեն ինչ անում են, ամեն քայլի էլ դիմում են, բայց հնարավոր չէ, ո՞ւր դուրս գան, դուրս գանք ո՞ւր գնանք, որտե՞ղ գնանք, ոչ մի տեղ քյամ չենք։
– Որպես արցախցի կին՝ դուք Ալիևին ի՞նչ կասեիք:
– Ալիևը չի մտածում, որ էս օրը կարող է իրենց դուռն էլ թակի, մի օր էլ կլինի, որ ինքը կտապալվի, ի՞նչ է, կարծում եք՝ միշտ հաղթելո՞ւ է։ Նա Էրդողանով է էսպես վեր-վեր թռնում, եթե Ալիևը մենակ լինի, ոչ մի բան էլ կարել չի անե։ Ալիևը լրիվ անորակ մարդ ա, կնոջն ա լսում, ոնց որ Փաշինյանն ա իր կնոջը լսում։
Արդեն 1 շաբաթից ավելի շրջափակման մեջ գտնվելով, ի՞նչ խոսք ունեք ամբողջ աշխարհի հայերին․
«Հիմա Արցախի համար շատ դժվար շրջան է, ճանապարհը փակած, երեխաների մի մասն այնտեղ են, մի մասը այստեղ՝ ծնողներից առանձին։ Պետք է բարձրաձայնեն, որ համայն աշխարհն իմանա, որ Ալիևը բարբարոս է, գուցե այդ ժամանակ մի լույս բացվի, ճանապարհը բացեն, որ ճանապարհը բացեն, ամեն ինչ լավ ա լինելու»։
– Հնարավոր է՝ ճանապարհը բացելուց հետո արցախցիները դուրս գան վախից։
– Չէ՛, գնալու տեղ չունեն արցախցիները, կարող է 1000-ից 1-ը, բայց կփոշմանի, հետ կգա։ Ո՞ւր գնան, ինչի՞ գնան։
– Ամփոփելով մեր զրույցը՝ ի՞նչ կասեք։
– Աշխարհին խաղաղություն եմ ցանկանում, Ալիևը սատկի, Փաշինյանն էլ խելքի գա։ Ուզում եմ խաղաղություն լինի, մարդիկ խաղաղ ապրեն, ինչո՞ւ են բարբարոսություն անում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։