Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհը փակված լինելու ֆոնին ներհայկական որոշ  ուժեր չեն դադարում Ադրբեջանի հետ «սինխրոն աշխատել»

Ադրբեջանական caliber.az-ը հոդված էր հրապարակել՝ հղում տալով Էդվին Մարտիրոսյան անուն-ազգանունով ոմն հայ բլոգերի գրառմանը, որը տեղադրվել էր «Республика Армения» տելեգրամյան ալիքում: 

Նշվում է, թե իբր Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի և գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) միջև վեճ է տեղի ունեցել, իսկ պատճառը «Օգանովսկուն պատկանող ոսկու և այլ թանկարժեք մետաղների գաղտնի պահեստների առկայությունն է»:

Արցախի Հանրապետության ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս անհեթեթությանը, նշելով, որ փորձ է արվում, մեղմ ասած՝ պառակտել ժողովրդի միասնությունը:

«Ադրբեջանի հատուկ ծառայությունները քարոզչական տարբեր խողովակներով, այդ թվում՝ ներհայկական ապազգային ուժերի գիտակցված, թե չգիտակցված հայրենաքանդ «փայլատակումներն»  օգտագործելով, պարբերաբար ու հետևողականորեն փորձում են պառակտել առանց այն էլ թուլացած մեր ժողովրդի միասնությունը, և, որ ավելի տագնապալի է, աղճատել նրա վստահությունն այն անհատների նկատմամբ, որոնք նշանակալի ավանդ են ունեցել և ունեն հայկական պետականությունների ստեղծման և կայացման գործում: Ասվածի ամենաթարմ օրինակը օրերս թշնամի պետության «CALIBER.AZ» քարոզչամեքենայի կողմից տարածված հերթական շինծու տեղեկությունն էր: Վերջինս հիմք ընդունելով Էդվին Մարտիրոսյան անուն-ազգանունով ոմն հայ բլոգերի բարբաջանքը, նշում է, թե իբր «Ռուբեն Վարդանյանը վիճել է գեներալ Սամվել Օգանովսկու հետ…»:

Կարդացեք նաև

Ըստ այդ բարբաջանքի, պարզվում է, որ «վեճի» պատճառն իբր Օգանովսկուն պատկանող «գաղտնի պահեստներն ու արտադրամասերն են, որտեղ թանկարժեք մետաղ է արդյունահանվում…»: Եվ ամենազավեշտալին՝ «…Արայիկ Հարությունյանի շրջապատի մարդկանց ասեկոսների համաձայն՝ Արցախի ղեկավարը հանգստացրել է Օգանովսկուն, ով սպառնացել է սպանել Ռուբեն Վարդանյանին այն բանի համար, որ նա սկսել է կարգուկանոն հաստատել Արցախում…»:

Որ Արցախի հերոս գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը քանիցս  հայտնվել է ներքին ու արտաքին հայրենակործան ուժերի թիրախում, դա փաստ է և ոչ այնքան զարմանալի: Բայց, որ նա ունի կամ ուներ թանկարժեք մետաղների գաղտնի պահեստներ ու արտադրամաս, դրան հավատալու համար, առնվազն, առանձնահատուկ երևակայություն է պետք: Իսկ ինչ վերաբերում է պետնախարարի հետ վիճելու կամ սպանելու ֆանտազիային, ապա ավելորդ է այդ մասին խոսել, մանավանդ, որ Սամվել Կարապետյանն իր ողջ գիտակցական կյանքում միշտ էլ եղել է կարգուկանոնի կողմնակից…

Ելնելով վերոնշյալից, ցանկանալի է, որ մտածող ու Երկրի ապագայով մտահոգ մեր ամեն մի հայրենակից ավելի ուշադիր և ազնիվ լինի այն Մեծությունների հանդեպ, որոնց շնորհիվ ժամանակին ունեցել ենք համազգային նշանակության հաղթանակներ ու ձեռքբերումներ: Աշխատենք հարգել ու մեծարել Հայրենիքի համար ինչ-որ բան արած անհատներին և, հավատացեք, ՄԵՆՔ նորից կունենանք ավելին, քան ունենք այսօր: Հակառակ դեպքում մեր «հերոսները»  լինելու են էդվիմարտիրոսյանները՝ դրանից բխող ցավոտ հետևանքներով…»,- գրել է Սենոր Հասրաթյանը:

Հավելենք, որ վերևում հիշատակված Էդվին Մարտիրոսյան անուն-ազգանունով բլոգերը ուղիղ եթերներում զրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի կողմնակից բլոգեր Ռոման Բաղդասարյանի հետ, որը ներկայանում է իր լսարանին, թե  պայքարում է «ղարաբաղյան կլանի դեմ», ինչից  կարելի է ենթադրել՝ որտեղից է փչում քամին:

Տեսանյութեր

Լրահոս