«Պատերազմ տեսած, պադվալում ապրած երեխա եմ եղել՝ ամեն ինչի միջով անցել ենք. արցախցիները շատ ուժեղ են»․ Գայա Արզումանյան

«Մենք՝ արցախցիներս, մեր կյանքում ավելի մեծ դժվարություններ ենք տեսել, այնպես որ, սա արցախցիների համար թեթև դժվարություն է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը թշնամու կողմից փակելու հարցին՝ ասաց երգչուհի Գայա Արզումանյանը։

Եվ չնայած աշխատանքի բերումով հիմա Երևանում է, շատ լավ հասկանում է, թե Արցախում մարդիկ ինչ կարգավիճակում են գտնվում, երգչուհին ցավ է ապրում ստեղծված իրավիճակի հանդեպ մարդկանց անտարբերությունից․

«Այսօր գազ չկա, վաղը կարող է լույս չլինել, սնունդ չլինել, բայց որպես 2 տարի պատերազմ տեսած երեխա, կարող եմ ասել, որ մենք ամեն ինչի միջով անցել ենք, ամեն ինչ տեսել ենք։ Այսօր որ այս անտարբերությունը տեսնում եմ, վատ եմ զգում, կուզենայի՝ ավելի շատ մարդիկ սրա մասին խոսեին։

Նեղվում եմ, որ Հայաստանում այս ամենը սառն են տանում։ Ոչ գազի պահն է, ոչ սովի, ուղղակի զուտ մարդկային վերաբերմունք, քանի որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում հայեր են ապրում, ես համարում եմ, որ ամեն հայ մարդ այսօր պետք է խոսի դրա մասին, պետք է արտահայտվի, պետք է նեղվի, բայց տեսնում եմ, որ այսօր այդպես չէ։

Կարդացեք նաև

Ասում են՝ ինչո՞ւ հարթակներից չեն խոսում։ Երկու ամիս անընդմեջ հարթակներից խոսում էի, բայց ոչ մի բան չկարողացանք փոխել, ինչի համար հիասթափություն էլ եմ ապրում, որովհետև այն երգի շնորհիվ, որն այսօր երգում եմ աշխատավայրում, մարդիկ հոտնկայս ծափահարում են, հասկացողություն ունեն, որ այսօր այդ տղաների շնորհիվ ունենք այս ամենը, բայց միևնույն ժամանակ, ոչ մեկը չի ուզում այդ մասին խոսի։

Արցախցուն գազը, լույսը, ուտելիքը կյանքում չի անհանգստացրել, ինչքան անհանգստացնում է, որ Եռաբլուրում 15.000-ից ավելի երեխեք ունենք, որոնք Արցախի հողի համար են պայքարել։

Այսօր պետք է նեղվենք, որ իրենց արյամբ պահած հողում՝ մեր երկրում, ինչ-որ թուրք, թուրք բառը մեղմ եմ ասում, կարող է կանգնի, խարույկ վառի ու ադրբեջանական երգեր երգի։ Զուտ որպես ղարաբաղցի՝ ասում եմ, որ պետք է անխտիր բոլորը խոսեն, արտահայտվեն ստեղծված իրավիճակի մասին»։

Երգչուհին ասաց, որ իր ազգության մեծ մասն այս պահին Արցախում են, այդ թվում՝ ծնողները, ասաց՝ շատ անհանգիստ է, բայց ամեն զանգից հետո այն էներգիան, որ փոխանցում են Արցախից, իրեն ուժ է տալիս՝ հավատալու, որ ամեն ինչ լավ է լինելու․

«Ծնողներս, քույրս, երեխաները, ամբողջ ազգս Արցախում է։ Ամեն րոպե կապի մեջ եմ, խնդալուն այն է, որ ես նեղված, վրդովված զանգում եմ, իրենք այնտեղից ինձ ուժ են տալիս, ոգևորում են, որովհետև ես իմ ծնողի հետ պադվալում ապրել եմ ու իմ ծնողի աչքին կյանքում արցունք չի եղել ու չի կարող լինել, որովհետև բոլորս էլ գիտենք, որ արցախցիները շատ ուժեղ են, շատ հզոր։

Ձեր զանգից առաջ պապայիս, մամայիս հետ էի զրուցում, շատ ոգևորված խոսում էին, ասում էին՝ ի՞նչ գազ, գազը լիներ, չլիներ, մենք մեր հողում, մեր տներում նստած ենք»։

Այսօր առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձով դիմել էր արցախցիներին և լավ լուր ավետել՝ գազամատակարարումը վերականգնվել է, հետո էլ ասել էր, թե հնարավոր է օրվա ընթացքում նաև ճանապարհը բացվի, Գայա Արզումանյանին հարցրեցինք, ճանապարհի բացվելուն պես կգնա՞ հայրենի Արցախ։

«Ճիշտ է, աշխատանքի բերումով Հայաստանում եմ՝ Երևանում, բայց Արցախում հաճախ եմ լինում, բոլորը գիտեն, որ դա իմ թուլությունն է, իմ սիրտն է, իմ տունն ու տեղն է։ Ճիշտն ասած, որոշված էր, որ դեկտեմբերի 25-ին պետք է գնայի Գորիս, հետո պապաս գար ինձ տաներ Ստեփանակերտ, որ 2-3 օր վայելեի Արցախը, քանի որ Նոր տարուն աշխատանքի բերումով չէի հասցնելու տանը լինել։ Պլաններս այդպես էր, որ նախօրոք գնայի ծնողներիս մոտ, բոլորին տեսնեի, շնորհավորեի ու հետո գայի։ Բայց, որ այսպես եղավ, հենց ճանապարհը բացվեց՝ անպայման կգնամ։ Դեկտեմբերի 25-ին ինձ հետ մարդ կար, որ պետք է գար Արցախ, ասացի՝ ես քեզ կտանեմ Արցախ, ու դու այնտեղ կտեսնես իսկական արցախցիների ընդունելությունը․․․»։

Իսկ մեր զրույցի վերջում էլ Երևանում ապրող արցախցի երգչուհին ասաց, որ իր միակ երազանքը ազատ և անկախ Արցախում ապրելն է․

«Ուզում եմ, որ Արցախն ամբողջությամբ վերադառնա արցախցիներին ու բոլորս ապրենք խաղաղ երկնքի տակ։ Ես Ձմեռ պապուն հավատում եմ, նրանից էլ եմ խաղաղություն ուզում, եթե մեր երկրում խաղաղություն լինի, երդվում եմ, որ ամեն տարի Նոր տարին՝ դեկտեմբերի 31-ը, Արցախում կնշեմ։

Ու մի բան էլ, ամբողջ հայ ազգին կոչ եմ անում, որ կողք կողքի լինենք, քանի որ միայն այդ դեպքում ենք ուժեղ լինելու․․․»։

Տեսանյութեր

Լրահոս