Արցախում 120․000 հայ պատանդի կարգավիճակում է. Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է. Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման 3-րդ օրը՝ 72 ժամ անց, Նիկոլ Փաշինյանը Կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի ընթացքում անդրադարձ կատարեց այդ խնդրին։
Փաշինյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել նաև ԼՂ բնական գազ մատակարարող խողովակը։
«Այս սադրիչ գործողությունների հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմռանն իրենց բնակարանները ջեռուցելու դժվարության առջև, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռանը մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում, առողջական ծանր խնդիրներ ունեցող մարդիկ զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունից։ 120 հազար մարդ հայտնվել է պատանդի կարգավճակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հավելեց՝ գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով 22 հազար երեխա զրկված է կրթություն ստանալու իրավունքից։
«Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, անվանել հնարավոր չէ, ճգնաժամ, որն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով։ Լաչինի միջանցքի փակումն Ադրբեջանի ստանձնած պարտավորության կոպիտ ոտնահարում է, պարտավորություն, որն Ադրբեջանը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով։ 2020 թվականի եռակողմ հայտարարության խախտումներն Ադրբեջանի կողմից խրոնիկ բնույթ են կրում»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Մանրամասները՝ տեսանյութում