Նրանք, ովքեր Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, ես իրենց տեսնում եմ ադրբեջանական բանտերում. Արտակ Բեգլարյան

«Ռուս խաղաղապահների քանակի ավելացումը խնդրի որոշակի լուծում է, բայց խնդիր կա մանդատի առումով, թե նրանք ինչ լիազորություններ ունեն: Նրանք պետք է լիազորություն ունենան՝ ուժ կիրառելու»,- ասաց ՄԱԿ-ի գրասենյակի առջև անժամկետ նստացույց իրականացնող Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ հաջորդ խնդիրն այն է, թե արդյո՞ք ռուս խաղաղապահները Ռուսաստանի ներկա ծանր, աշխարհաքաղաքական խառը  իրավիճակում միայնակ ի վիճակի են երաշխավորել մեր երկարաժամկետ անվտանգությունը:

Նրա խոսքով՝ այս հարցերը պետք է քննարկվեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:

Արտակ Բեգլարյանն անդրադարձավ նաև Կաշենի հանքավայրին, թե իբր ադրբեջանցիները հայտարարել են, որ համաձայնության են եկել ռուս խաղաղապահների հետ բնապահպանական տեսանկյունից ստուգումներ անցկացնելու համար:

«Կարծում եմ, իրենց երազած իրականությունն են ներկայացրել: Որևէ մեկը մեր տարածքում չի կարող և չպետք է որոշում կայացնի, այդ թվում՝ ռուս խաղաղապահները: Ադրբեջանցիների մուտքի հարցն Արցախի իշխանությունների բացառիկ իրավունքն է: Մենք պատրաստ ենք բազում զրկանքների, բայց պատրաստ չենք ադրբեջանական խաղերին, կեղծիքներին, փոքր քայլերով մեր հայրենիքը տալուն: Արցախի իշխանությունների լիազոր ներկայացուցիչները, տեղյակ եմ, որ ռուս խաղաղապահների հետ հաղորդակցության մեջ են, որոշակի, այդ թվում՝ տվյալ հարցը քննարկվել է՝ մինչև կփորձեին մուտք գործել Կաշենի հանքավայր: Տեղյակ եմ, որ մեր կողմից համաձայնություն չի տրվել»,- նշեց Արցախի պետնախարարի խորհրդականը:

Կարդացեք նաև

Նա շեշտեց, որ նստացույցն ու իր անհնազանդության բողոքի ակցիաները իր լիազորությունների հետ որևէ կապ չունեն, արձակուրդում է գտնվում, պատրաստ է նաև աշխատանքից դուրս գալ, որովհետև սա սկզբունքային, պետական և անձնական խնդիր է իր համար:

«Կարծում եմ՝ հիմա այսպես կարող եմ պայքարել իմ ժողովրդի համար»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ հույսեր է կապում ՀՀ իշխանությունների հետ, երբ հայտարարություն եղավ ՔՊ-ական պատգամավորների կողմից, որ Հայաստանը հո չե՞ն գրավադրելու, որ Արցախի ժողովրդին պաշտպանեն, Արտակ Բեգլարյանը պատասխանեց.

«Նրանք, ովքեր Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, ես իրենց տեսնում եմ ադրբեջանական բանտերում: Ադրբեջանի կազմում Արցախը չի կարող լինել: Դա Արցախի ժողովրդի որոշելու հարցն է: ՀՀ իշխանություններից, ընդդիմությունից ակնկալում եմ գործուն քայլեր: Եթե որևէ մեկն ի վիճակի չէ կամ չի ցանկանում աջակցել Արցախին, այս պայքարին, առնվազն պարտավոր է չվնասել»:

Հիշեցնենք, որ Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անժամկետ նստացույց ու շարժում է սկսել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև:

Տեսանյութեր

Լրահոս