Փաշինյանի իշխանությունը, որի գլխին բամփում են Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանի անվտանգության հետ կապ չունի և գործարքի մեջ է. Հայկ Դեմոյան

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, փակել է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ՝ Բերձորի միջանցքը՝ շրջափակման մեջ պահելով և հումանիտար աղետի առջև կանգնեցնելով Արցախում ապրող 120 հազար հայի։

Ադրբեջանն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը, ինչի հետևանքով Արցախում դադարեցվել են դասերը։ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է նաև բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ադրբեջանական ահաբեկչական գործողությունները պայմանավորեց այդ երկրի ղեկավարի՝ միակ՝ Արցախն առանց հայերի տեսնելու ցանկությամբ, ինչով պայմանավորված էլ, ըստ Դեմոյանի, այդ նպատակին միտված գործողությունները լինելու են շարունակական։

«Ստացվում է՝ Ադրբեջանը, կամ որ նույնն է՝ Ալիևը, որոշել է այն գոտում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, ստեղծել ևս մեկ լարվածության օջախ, և դա անել այն դեպքում, երբ Ռուսաստանն ուկրաինական ճակատում է պատերազմ մղում։ Խաղաղապահների իրավասության գոտում Բերձորի միջանցքը փակելով, Ադրբեջանը ոչ միայն Արցախում ապրող հայերին է պահում շրջափակման մեջ, այլ նաև խաղաղապահներին՝ խնդիրներ ստեղծելով նաև նրանց մատակարարումների համար, ուստի այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք Ալիևը կարող է Ռուսաստանի համար նման խնդիրներ ստեղծել և մնալ անպատիժ, կամ որտե՞ղ է Ալիևի պատիժը։ Այս հարցի պատասխանը ստանալու համար պետք է հիշել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի ասածը, թե Ալիևն իրենց մարդն է»,- ասաց Դեմոյանը։

Կարդացեք նաև

Ըստ պատմական գիտությունների դոկտորի՝ անկախ այն հանգամանքից, թե ո՞ւմ մարդն է Ալիևը, ակնհայտ է մեկ բան՝ աշխարհը հաշվի է նստում ուժ ունեցողի հետ, հետևաբար, հիմա խնդրի լուծման համար անհրաժեշտ է ուժի ցուցադրում, որին կգնա միայն այն իշխանությունը, որը պետության անվտանգության հետ ունի կապ։

«Բայց այս իշխանությունն ինքնություն չունի, չունի գաղափարախոսություն, հավատամք, սա մի կոնգլոմերատ է, որում հավաքված մարդիկ օգտագործվում են որպես գործիք՝ իրականացնելու տարբեր կենտրոնների հանձնարարությունները։ Օրինակ՝ ԵՄ մոնիտորինգային խումբն իր ժամկետը չերկարաձգեց, որովհետև նրանք էլ հասկացան, որ այստեղ մի բան այն չէ, և իրենց այստեղ մնալն անիմաստ է, որովհետև Հայաստանի իշխանությունը խաղի մեջ է։ Ես արդեն տվել եմ այս իշխանության վերաբերյալ հանրագիտարանային ձևակերպում՝ հիմնված փաստերի վրա, ուստի այսօր ևս մեկ անգամ կկրկնեմ՝ 2018 թվականին վաղօրոք պայմանավորված մարդկանց խումբը, նախապատրաստվելով և մանիպուլյատիվ ճանապարհով հանրության լայն շերտերին իր շարժման մեջ ներգրավելով, հասել է իշխանության»,- ասաց Դեմոյանը՝ Արցախում այսօր կատարվողը դիտարկելով 2018 թվականից իշխանություն դարձածներին տրված հանձնարարականների շարունակականության համատեքստում։

«Հիշեք՝ Լուկաշենկոն Արցախի դիմաց գումար էր առաջարկում, և ստացավ պատասխան, որն արձանագրվեց, բայց Լուկաշենկոն ո՞ւմ գումարն էր առաջարկում, իհարկե Ադրբեջանի։ Այս մարդիկ հանձնարարություններ կատարող են. որպեսզի իրենց դեմքը փրկեն, կասեն՝ եկեք պայմանավորվենք, հետո կկատարեն իրենց դերը, իսկ իրենց տրված է մոդերատորի դեր։ Իրենց տրամաբանության մեջ իրականացնելու են, կամ, որ ավելի ճիշտ է, անցկացվելու է հերթական հանձնարարությունը. այս դեպքում այդ հանձնարարությունը Սյունիքով միջանցքն է կամ Ալիևի այլ քմահաճույքը։ Ի դեպ, այն իշխանությանը, որը մշտապես զիջում է, որևէ մեկը նման իշխանության գլուխը չի շոյում՝ Թուրքիան և Ադրբեջանը չեն շոյում, ընդհակառակը, բամփում են ծանր գործիքով այս իշխանության գլխին, այն իշխանության, որի զինանոցում, բացի զիջումը, որևէ այլ գործիք չկա։ Այս իշխանությունը կապ չունի Հայաստանի անվտանգության, անվտանգության ապահովման և դրա ապահովման հետ։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի սա պետք է հասկանա. սա է պատճառը, որ այլ կերպ չէր կարող լինել հատկապես գլոբալ աշխարհաքաղաքական պատերազմների ընթացքում»,- ասաց Դեմոյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս