Վիճակը պայթյունավտանգ է. շտապ Արցախում պետք է հայտարարել ոչ թռիչքային գոտի, գործարկել Ստեփանակերտի օդանավակայանը. Վահե Հակոբյան
Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով Արցախում ապրող մեր հայրենակիցները՝ 120 հազար մարդ, գտնվում են շրջափակման մեջ. շրջափակման, որին գնաց Ադրբեջանը՝ ցանկանալով հեղինակազրկել ռուս խաղաղապահների մանդատն ու ցույց տալ, որ իրենք ինչ ուզում՝ անում են, ուստի, այս հանգամանքով պայմանավորված, գնդակը ռուս խաղաղապահների դաշտում է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից փակված Լաչինի միջանցքի խնդրին։
Ըստ Հակոբյանի՝ եթե իրավիճակն այնպիսին է, որ ռուսները չեն ցանկանում ադրբեջանցիների հետ գնալ ուղիղ ռազմական բախման, ապա կարող են գործարկել այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող են գոնե զսպել ադրբեջանական ագրեսիան։
«Արցախում վիճակը պայթյունավտանգ է։ Եթե ռուսները չեն ցանկանում բացահայտ առճակատման գնալ ադրբեջանցիների հետ, ապա պետք է դիմեն այլ քայլերի. օրինակ՝ շտապ պետք է հայտարարեն Արցախի տարածքը ոչ թռիչքային գոտի, զուգահեռ գործարկեն Ստեփանակերտի օդանավակայանը՝ կազմակերպելով Ստեփանակետ-Երևան չվերթեր։
Մեր գնած ինքնաթիռը կանգնած է «Զվարթնոց» օդանավակայանում. թող օրական 10-15 չվերթ անեն. սա կլինի ադրբեջանցիների համար զսպող մեխանիզմ, որովհետև Ադրբեջանի համար ցավոտ է Ստեփանակերտի օդանակավակայնի գործարկումը, ուստի ի՞նչն է խանգարում ռուս խաղաղապահներին գնալ դրա շահագործմանը և կայացնել նման որոշում, որն առաջին հերթին հենց հումանիտար նշանակություն ունի։ Պետք է նաև բարձրացնել խաղաղապահ զորակազմի թվակազմի ավելացման հարցը»,- ասաց Վահե Հակոբյանը՝ հումանիտար աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցների համար օդային տրանսպորտի գործարկումը դիտարկելով որպես ստեղծված իրավիճակից դուրս գալուն միտված քայլ։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում