ՀՀ իշխանությունները Արցախում խաղաղապահ առաքելության միջազգայնացման հա՞րց են բարձրացնում

Մինչ դեպի Արցախ կյանքի ճանապարհը շարունակում է փակ մնալ ադրբեջանցի կեղծ բնապահպանների ակցիայի պատճառով, զուգահեռաբար թիրախավորելով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, ուշագրավ նոր թեզեր են դրվում շրջանառության մեջ՝ կանխորոշելով ապագա հնարավոր զարգացումներն Արցախի շուրջ:

Նախ հարկ է հիշեցնել, որ չնայած Արցախի շրջափակմանն ու հումանիտար աղետին, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ:

Բորելի գնահատմամբ՝ առաքելության աշխատանքը «արդյունավետ» էր, բայց առաքելության ժամկետը չերկարաձգելու պատճառների մասին նա չի խոսել, միայն նշել է, որ՝ «և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ պայմանավորվածության համաձայն» առաքելությունը պետք է դեկտեմբերի 19-ին իր գործունեությունն ավարտի։

«Այդուհանդերձ, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի մեր հեղինակությունը պահպանելու համար Հայաստան կուղարկվի խումբ, որպեսզի ծրագրի հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկումը, եթե հաջորդ տարի նման համաձայնություն ձեռք բերվի»,- հայտարարել է Բորելը։

Թեև ԵՄ առաքելությունը որևէ առնչություն չունի Արցախի հետ և տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի տարածքում, այս մասին հայտարարությունը հենց այս փուլում ԵՄ-ի կողմից հստակ վերաբերմունքի դրսևորում է:

Ադրբեջանի իշխանություններն այս օրերին աննախադեպ մեդիա-արշավ են սկսել ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի դեմ, մյուս կողմից՝ տեղում ակցիա իրականացնող ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպաններն ամեն կերպ սադրում են խաղաղապահներին:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ նախօրեին Պուտինը նախաձեռնեց հեռախոսազրույց Ալիևի, ապա Փաշինյանի հետ, սակայն Ադրբեջանը չդադարեցրեց Լաչինի միջանցքի արգելափակումը:

ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է լռություն և անտեղի զգուշավորություն պահպանել:

Հատկապես ուշագրավ է, որ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն, որը թեմային անդրադարձավ շրջափակման մեկնարկից մեկ օր անց, հայտարարեց.

«Ողջ միջազգային հանրության, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրների հրատապ ուշադրությունն ենք հրավիրում, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի:

Ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտությունը և այս նպատակով առաջիկայում խորհրդակցություններ կսկսենք միջազգային գործընկերների հետ»:

ՀՀ նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ստեղծված իրավիճակին՝ գրելով, որ ՄԱԿ ԱԽ-ի կողմից շտապ գործողությունների ժամանակն է:

«Արցախը կտրված է Հայաստանից և աշխարհից. Արցախից Հայաստան տանող միակ ճանապարհը փակել են ադրբեջանցիները: Ահա թե ինչպես է նյութականացվում Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական սպառնալիքը: Ահա թե ինչպես է մարմնավորվում ցեղասպանական միտումի նախազգուշական նշանը։ ՄԱԿ ԱԽ-ի կողմից շտապ գործողությունների ժամանակն է»,- գրել է նա:

Սրան զուգահեռ Արցախի ԱԳՆ-ն պահանջում է մեծացնել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի քանակը և առաքելությանը միջազգային կարգավիճակ շնորհել։

Ինչպես երևում է վերջին իրադարձություններից և ԱԳՆ շեշտադրումներից, որոնք ստանում են իշխանական պրոպագանդայի աջակցությունը և ակտիվորեն շրջանառվում նրանց կողմից, ՀՀ իշխանությունները, որոնք իբրև թե բրյուսելյան բանակցություններից վերադարձել են բանակցությունների ռուսական դաշտ, բարձրացնելու են Արցախում խաղաղապահ առաքելության միջազգայնացման հարցը ՄԱԿ ԱԽ-ի միջոցով:

Պատահական չէ, որ այս մասին գրում է Զոհրաբ Մնացականյանը, ով հարցազրույցների փոխարեն թվիթերյան գրառումներ է սկսում անել, երբ ՀՀ իշխանությունները ցանկանում են ինչ-որ հակառուսական պրոյեկտ գլուխ բերել:

Տեսանյութեր

Լրահոս