Փաստացի այս պահին 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ. Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն կարևոր հանգամանքի վրա, որ Արցախում 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ:
«Արցախը նաև օդային հաղորդակցություն չունի աշխարհի ոչ մի երկրի հետ: Միջազգային իրավունքն ամրագրում է, որ որևէ վայրկյան չպետք է խաթարվի կենսաապահովման համար անհրաժեշտ պայմանները, իսկ մենք տեսնում ենք, որ արդեն 24 ժամ շարունակ խաթարված է Արցախում ապրող մարդու ամենատարրական իրավունքը: Դա իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից և անձամբ Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ և նրա հրահանգներով, որովհետև այն թեզերը, որ շրջանառվում են, իբր բնապահպանական հարցեր և այլն, դրանք ամբողջությամբ կեղծ են և կա տեղեկատվություն, որ այդ ճանապարհը փակողները հիմնական ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղորդվողներն են, այդ թվում՝ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»,-ասաց նա:
Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ ադրբեջանական հանցավոր գործողության հետևանքով արդեն 24 և ավելի ժամ դադարեցված է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումը ամբողջ Արցախի տարածքում. «ՄԻՊ-ի հաստատությունը ահազանգեր է ստանում, որ բժշկական հաստատություններում առկա դեղոդրայքային պաշարները մի քանի օրվա են, և նման ձևով շարունակվելու դեպքում այս հարցում կանգնելու ենք շատ լուրջ խնդիրների առաջ: Նույնը վերաբերում է նաև սննդամթերքի և էներգակիրների մատակարարումներին՝ կոնկրետ բենզինի և դիզվառելիքի մասին է խոսքը: 1100 մարդ այս պահի դրությամբ մնացել է ճանապարհներին՝ ձմեռվա նման ցուրտ պայմաններում: Այդ թվում՝ 270 երեխա, որոնք կտրված են իրենց ընտանիքներից: Սա Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման, ցեղասպան քաղաքականության հերթական բաղադրիչն է: Այն իրականացվում է հետևողականորեն և համակարգված կերպով»: