«Ինտենսիվ աշխատանքներ են տարվում, բանակցություններ են վարվում». Դավիթ Բաբայան

Արդեն 24 ժամ է ադրբեջանցիները փակել են Բերձորի ճանապարհը՝ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։

«Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը, այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում»,-նշված է Արցախի Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն ասաց, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ, ամեն ինչ պետք է անել, ողջ աշխարհին ոտքի կանգնեցնել։

Կարդացեք նաև

«Վերջապես աշխարհը պետք է մեկ քայլ անի, լավ՝ կես քայլ անի, գործնականում այդ հայատյաց ու մարդատյաց պետությանը սանձելու համար։

Աշխատանքներ տարվում են ճանապարահը բացելու ուղղությամբ, բնականաբար, առաջին հերթին ռուս խաղաղապահների հետ մեկտեղ։ Այնուհետև միջազգային տարբեր հարթակներում մենք ենք համապատասխան քայլեր ձեռնարկում։

Ինտենսիվ աշխատանքներ են տարվում, բանակցություններ են վարվում, տեսնենք»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Հարցին՝ իրատեսակա՞ն է համարում, որ ադրբեջանցիները բանակցությունների միջոցով ճանապարհը կբացեն, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա, այս պահին դրա մասին խոսելու ժամանակը չէ։

«Ճանապարհի փակումը կոպիտ խախտում է, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության, ինչպես նաև խախտում է մարդկային նորմերն ու տարրական կանոնները, սա պարզ է ու ակնհայտ»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Տեսանյութեր

Լրահոս