«Որովհետև Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը»
Նկատել եք, երբ մենք Աստծո հետ մտերմության մեջ ենք և ճշմարտապես փափագում ենք իրականացած տեսնել Նրա կամքը մեր կյանքում, ապա Աստված Իր օրհնությամբ ներկա է մեր կյանքում։ Կարևորն այստեղ Աստծո կամքը փափագելն է և ոչ թե մերը։ Աստվածաշնչում այս մասին կարդում ենք․ «Տիրոջո՛վ ուրախացիր, և Նա քո սրտի ուզածը կտա քեզ» (Սաղմոս 37․4)։
Ու այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե արդյոք պատրաստ ենք թույլ տալ, որ Աստված դերակատարում ունենա մեր կյանքում։ Եվ արդյո՞ք մենք գիտակցում ենք՝ ինչ է Աստծո կամքը։
Սուրբ Գրքում կարդում ենք․ «Որովհետև Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը» (Ա Թես. 4:3)։ Աստծո կամքը ճանաչելը երբեմն բարդ ընթացք է, քանի որ համբերություն է պահանջում։ Բնական է, որ մարդն ուզում է Աստծո ամբողջական կամքը միանգամից իմանալ, սակայն Աստված, սովորաբար, այդպես չի վարվում։ Նա Իր կամքը քայլ առ քայլ է հայտնում, ժամանակի ընթացքում, որտեղ յուրաքանչյուր քայլը հավատի քայլ է, և սովորեցնում է մեզ շարունակել Իրեն վստահել։ Այդ հավատաքի ճանապարհին էլ մենք որոշում ենք մեր կյանքի հետագա ընթացքը՝ վստահել Տիրոջն ու ընդունել Նրա որոշումները, թե ամեն բան անել ինքնուրույն՝ առանց Աստծո կամքը հաշվի առնելու։
Հաճախ մենք ակնկալում ենք, որ Աստված մեզ ցույց տա ապագան։ Սակայն հաշվի չենք առնում, որ մեր ընտրություններից է կախված, թե այն ինչպիսին կլինի։ Աստված մեզ ընտրություն կատարելու հնարավորություն է տվել և, եթե մենք մեզ համարում ենք քրիստոնյա, ապա գիտենք, որ ինչ էլ որ պատահի, Աստված ուղեկցելու է մեզ։ Ու երբ մեր կյանքի փորձով համոզվում ենք, որ ամեն սխալից հետո Տերը մեզ ցույց է տալիս՝ որն է ճիշտը, հենց այդ պահից ասում ենք՝ Տեր Աստված, Դու ես այն Միակը, Ում ես վստահում եմ իմ կյանքի ամենակարևոր որոշումներ կայացնելու իրավունքը։