Կարմիր Խաչը՝ Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի հարազատների ահազանգի մասին

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային իրավասու օղակներին՝ պահանջելով թիրախային գնահատական տալ նոյեմբերի 10-ից ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված ու Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ:

Այս մասին նշված է Թագուհի Թովմասյանի տարածած հաղորդագրության մեջ.

«2020 թվականի նոյեմբերի 10-ից ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Էուլջեքյանն, ահազանգել է, որ գերեվարված Վիգեն Էուլջեքյանը ենթարկվում է ծեծի, խոշտանգումների, անմարդկային և դաժան վերաբերմունքի և ունի հրատապ օգնության կարիք։ 1 շաբաթ առաջ էլ Վիգենի հետ խոսել է մայրը։ Վերջինս պնդում է, որ որդու կյանքին վտանգ է սպառնում, քանի որ հիվանդ է և հրաժարվում է սնունդ ընդունել․ Վիգենը 95 կգ էր, ապօրինի բանտարկության ընթացքում դարձել է 45 կգ: Հեռախոսազրույցի ընթացքում որդին խնդրել է մորը փրկել իրեն, ազատել մահից»:

168.amԿարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս ահազանգից հետո Կարմիր Խաչն ինչ-ինչ միջոցներ է ձեռնարկել:

Նա նշեց, որ ԿԽ միջազգային կոմիտեի միջոցով են ընտանիքները կարողանում կապ հաստատել պահվող անձանց հետ, իսկ առհասարակ գերեվարված անձանց պահման պայմաններին, վիճակին վերաբերող բոլոր նկատառումները, հարցերը քննարկվում են իշխանությունների հետ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում:

«Մինչ օրս կազմակերպության պատվիրակները պարբերական կերպով հնարավորություն ունեցել են և շարունակում են հետևել անձանց պահման պայմաններին»,- հավելեց նա:

Ի դեպ, նա տեղեկացրեց նաև, որ վերջին տեսակցությունը եղել է նոյեմբեր ամսին:

Հիշեցնենք, որ գերերվարված անձանց հետ Կարմիր խաչի ներկայացուցիչների տեսակցությունները նախատեսված են ամսական կտրվածքով. տեսակցում են բոլոր նրանց, ում գերեվարումը հաստատված է:

Տեսանյութեր

Լրահոս