«Մեզ են միացել նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը, այս պահին հավաքը շարունակվում է Վերածննդի հրապարակում». Արշակ Աբրահամյան

Այսօր առավոտյան ադրբեջանցիները հերթական անգամ փակել են Բերձորի ճանապարհը։ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ  շարունակում է փակ մնալ:

«Ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները, Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, մնացել են ճանապարհին:

Նրանց մի մասը վերադարձել է Գորիս, Իսկ Ստեփանակերտ-Շուշի գոտում ժամեր շարունակ սպասողական վիճակում գտնվող քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ: Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ»,- նշված է Արցախի ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Բերձորի ճանապարհը փակելուց հետո, Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը ֆեսյբուքյան ուղիղ եթերում արցախցիներին կոչ էր արել հավաքվել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին՝ ցույց տալու, որ չեն պատրաստվում ենթարկվել ադրբեջանցիների ցեղասպանությանը։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Արշակ Աբրահամյանն ասաց, որ արցախցիների մի մասն այս պահին Շուշիի հայկական անցակետի մոտ է, իսկ մեծ մասը վերադարձել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ։

«Մեզ միացել է նաև Ստեփանակերտի քաղաքապետը, նրա հետ միասին՝ Շուշիի մոտ հավաքված մարդկանց մեծ մասի հետ վերադարձել ենք Վերածննդի հրապարակ։ Մեզ են միացել նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը, բազմաթիվ քաղաքացիներ, մեծ թվով կանայք, որոնք չէին եկել Շուշիի անցակետի մոտ։ Այս պահին մեր հավաքը շարունակվում է Վերածննդի հրապարակում»,- նշեց Արշակ Աբրահամյանը։

Նրա խոսքով, երբ իրենք հավաքվել էին Շուշիի անցակետի մոտ, իրենց ռուս խաղաղապահները թույլ չեն տվել առաջ գնալ, նշելով, որ կարող են լինել գործողություններ և կարող են առաջանալ ֆիզիկական անվտանգության խնդիրներ։

«Նախ, այնտեղ հիմնականում գնացել էինք տղամարդկանցով և, ի պատախան մեզ առաջ չթողնելուն, ասացինք, որ մենք այստեղ ենք, որպեսզի ցույց տանք, որ չենք պատրաստվում ենթարկվել ադրբեջանցիների կողմից ցեղասպանության, թույլ չենք տա, որ երբ Ադրբեջանը ցանկանա, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծի։ Հետո վերադարձանք Վերածննդի հրապարակ, քննարկումներ են ծավալում՝ հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը հստակեցնելու համար»,- եզրափակեց Արշակ Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս