Ինչ որ անեք, արեք սրտանց, որպես թե Տիրոջ համար եք անում
Մենք միշտ ցանկանում ենք հաճելի լիներ մեր շրջապատի մարդկանց։ Սակայն ինչ էլ անենք, երբեք չենք կարող բոլորին գոհացնել, բայց ունենք ընտրության հնարավորություն, ինչից հետո մեր կյանքը ավելի հեշտ ու իմաստավորված կդառնա։ Եթե ուզում ենք հաճելի լինել Աստծուն, ապա միշտ պետք է անենք այն, ինչ Նա է մեզ սովորեցնում, իսկ եթե ցանկանում ենք շրջապատին հաճելի դառնալ, ապա պետք է անենք այն, ինչը նրանց կգոհացնի ու կուրախացնի։
Երբեմն մարդիկ ստիպում են մեզ անելու այնպիսի բաներ, որ Աստծուն հաճելի չէ։ Ուրեմն՝ պետք է հաճախ ինքներս մեզ տանք այս հարցերը. «Սիրո՞ւմ եմ լավ գործեր անել։ Պատրա՞ստ եմ բարին գործել նույնիսկ այն դեպքում, երբ ուրիշներն չարանան կամ ատեն ինձ դրա համար»։ Բարին գործելու համար միշտ քաջություն և ազնվություն է հարկավոր։ Շատերիս մոտ է առաջանում այս հարցը․ «Բայց ինչո՞ւ պիտի մարդիկ ատեն մեզ բարի գործերի համար։
Մի՞թե դա նրանց չի ուրախացնում»։ Տրամաբանական է այդպես մտածելը։ Շատերին էր դուր գալիս, որ Հիսուս բարի գործեր էր անում։ Մի անգամ քաղաքի ամբողջ ժողովուրդը հավաքվել էր այն տան առջև, որտեղ գտնվում էր Քրիստոս, որպեսզի բուժեր հիվանդներին․ «Եվ ամբողջ քաղաքը հավաքվել էր դռների առաջ։ Եվ նա տեսակ-տեսակ հիվանդություններից բազում հիվանդներ բժշկեց և բազում դևեր հանեց․ և թույլ չէր տալիս դևերին խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է» (Մարկոս 1:33)։
Բայց որոշ մարդկանց դուր չէր գալիս Հիսուսի օրինակը։ Նրանք նույնիսկ ատելությամբ էին լցվում Հիսուսի հանդեպ այն բանի համար, որ նա միշտ Ճշմարտությունն էր սովորեցնում ու ամեն բան անում էր հանուն մարդկության փրկության։ Նույնօրինակ մարդիկ կան նաև այսօր մեր կյանքում, որոնց դուր չեն գալիս մեր կատարած բարի գործերը, և ամեն կերպ փորձում են շեղել այն ճիշտ ճանապարհից, որը մեզ միացնում է Աստծո հետ։
Սակայն անտեսելով այս խոչընդոտները՝ շարունակենք բարին գործել, քանի որ Սուրբ Գիրքն է մեզ պատգամում․ «Ինչ որ անեք, արեք սրտանց, որպես թե Տիրոջ համար եք անում և ոչ թե մարդկանց համար: Իմացեք, որ Տիրոջից պիտի ստանաք ձեր ժառանգության հատուցումը, քանզի Տեր Քրիստոսին եք ծառայում: Իսկ անիրավը պիտի պատժվի ըստ իր անիրավության, քանի որ Աստծո առաջ աչառություն չկա» (Կողոս. 3:23-25):