«Առերեսման ժամանակ ոստիկաններից մեկն ասաց՝ «վարչապետի մոմենտով» էինք Եռաբլուրում, մյուսն էլ՝ «Վայբերով» ենք հրամանը ստացել». Վահան Հովհաննիսյան
«Ծնողների բողոքի ակցիաներից հետո Եռաբլուրի գործով վարութային գործողություններն ինչ-որ չափով ակտիվացան, ու սկսվեցին առերեսումներ: Հիմա առերեսումների փուլում ենք ոստիկանների և տուժողների միջև»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Եռաբլուրի» գործող տուժողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս պահին էլ առերեսումները շարունակվում են:
Ըստ նրա՝ զուտ օրենքի և իրավունքի տրամաբանությունից ելնելով՝ չի կարող անձանց մեղադրանք չառաջադրվել:
«Գործով՝ ինչ կարվի, կամ նախաքննական մարմնին ինչ ցուցում կտրվի, ես չգիտեմ, բայց զուտ տրամաբանությունից ելնելով՝ այլ ելք չի կարող լինել, քան մեղադրանքի առաջադրումն է»,- ասաց Վահան Հովհաննիսյանը՝ նկատելով՝ քննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի հենց խոշտանգումների վարչությունում:
Հաղորդումը նկարահանվում էր 15:30-ին, և Վահան Հովհաննիսյանը նշեց՝ այդ պահին արդեն 4-րդ առերեսումն էր տեղի ունենում ոստիկանների հետ, և 4 ոստիկանների ցուցմունքներում որևէ նույնական հանգամանք չկա, 4 ոստիկանների ցուցմունքներում էլ հակասություններն առկա են:
«Երբ սկզբում հարցրինք՝ ինչ գործողություն են կատարել Եռաբլուրում, ոստիկանները գիտե՞ք ինչ պատասխանեցին՝ որ գործողությունը «վարչապետի մոմենտով» է եղել, հետո զգացին, որ «վարչապետի մոմենտովը» գեղեցիկ չէ, արձանագրվեց՝ «վարչապետի տարբերակով»: Գործողության անվանումը՝ վարչապետի տարբերակով: Իրենք անգամ չէին պատկերացնում, թե այդ գործողությունն ինչ է ենթադրում: Ընդ որում, մեկի ցուցմունքով՝ հրամանը տրվել է դասակի հրամանատարի կողմից, մյուսի ցուցմունքով՝ գործընկերոջ կողմից, հաջորդ ոստիկանի ցուցմունքով էլ «Վայբեր» հավելվածով է հրամանը տրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղաբաշխվելու վերաբերյալ»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ իրենց ի սկզբանե տեղեկություններ էին հասել, որ ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության կողմից գրավոր հրաման առկա չի եղել, որ ստորաբաժանումները տեղակայվեն պանթեոնում:
«Մենք համապատասխան միջնորդություն ենք ուղարկել վարույթն իրականացնող մարմնին՝ ով է հրաման տվող անձը, և որն է ընդհանրապես զինվորական պանթեոնում տեղաբաշխվելու նպատակը: Մեր միջնորդությունը բավարարվել է, և այդ առնչությամբ կատարվում են վարութային գործողություններ, բայց որքանով որ ինձ է հայտնի, չի պարզվել այն անձը, ով տվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղակայվելու հրամանը»,- ասաց փաստաբանը:
Վահան Հովհաննիսյանը շեշտեց՝ ոստիկանության կողմից չկա որևէ տեսանյութ, որը կփաստի, որ բարձրախոսով տրվել է հրահանգ և ժամանակ՝ տարածքն ազատելու:
«Երբ առաջին անգամ գնացինք առերեսման, 2 ոստիկաններ ցուցմունքներ էին տալիս, որ նման հրաման տվել է վարչության պետի տեղակալը՝ պարոն Խուդինյանը, նշեցին, որ հրամանը տրվել առավոտյան 7։30-ին, և տրվել է 20-30 րոպե ժամանակ տարածքն ազատելու համար: Հիմա ուշադիր՝ ծնողներին բերման ենթարկել են մինչև ժամը 7։00-ն, այսինքն՝ ժամը 8։00-ին էլ այնտեղ մարդ չի եղել, այդ հրամանը Խուդինյանն ո՞ւմ համար է տվել: Ակնհայտ անհամապատասխանություն էր»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Փաստաբանի խոսքով՝ երբ տեսան՝ Խուդինյանի տարբերակը չի անցնում, այսօրվա ոստիկանն է՛լ ավելի հետաքրքիր ցուցմունք տվեց, որ հրամանը տրվել է իրենց անծանոթ փոխգնդապետի կողմից, կրկին նշեց, որ ծնողներին որևէ պահանջ չեն ներկայացրել, պարզապես մոտեցել, գրկել, տարել են ծնողներին:
«Այսօրվա ոստիկանը շատ կարևոր էր: Եթե հիշում եք, տիկին Գոհարին, ում ոտքերն ու ձեռքերը բռնած՝ ոստիկանները տարան և մոտ կես մետր բարձրությունից, այսօրվա ոստիկանը հենց նրան բերման ենթարկած ոստիկանն էր: Երբ նրան հարցրինք՝ ո՞րն էր անհրաժեշտությունը տիկին Գոհարին երկու ոտքից, երկու ձեռքից բռնած տանելու, ոստիկանն ասաց՝ տիկին Գոհարը պառկած էր, իրենք պարզապես բռնել ու տարել են: Սա շատ էր վրդովեցրել տիկին Գոհարին»,- ասաց փաստաբանը:
Առերեսմանը մասնակցող Վահան Հովհաննիսյանը նշեց՝ հարցաքննության ժամանակ ոստիկաններն անհաղորդ են:
«Երբ ես նայում եմ իրենց դեմքին, պատ է: Այս անձինք մոլորության մեջ են: Թե իրենց ինչով են սնում, ինչով են կերակրում, անհասկանալի է, բայց իրենք պետություն և իշխանություն երևույթները նույնացնում են: Իրենք ծառայում են պետությանը, դա լրիվ ուրիշ բան է, բայց իրենց կարծիքով՝ ծառայելով իշխանությանը՝ իրենք ծառայում են պետությանը»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ոստիկաններն ընդունել են, որ իրենք անօրինական հրաման են կատարել, և այդ իրողությունը հնարավոր չէ փոխել, օրինակներն իրենց մոտ կան:
Ըստ նրա՝ իր հարցին՝ եթե ձեզ տրվեր կրակելու հրաման՝ կկրակեի՞ք, ոստիկանները պատասխանել են՝ ոչ:
«Հարցնում եմ՝ ինչո՞ւ, ասում են՝ դե, կրակելով՝ մարդուն զրկում են կյանքից: Իրենք ստում էին: Ես իրենց դեմքին տեսա, որ եթե իրենց տրվեր կրակելու հրաման, ոստիկանները կկրակեին: Դա էր ինձ համար սարսափելի»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Պաշտպանը նշեց՝ մտավախություն ունի, որ նախաքննության գաղտնիքով իրենց կկաշկանդեն:
«Ես այսօր այսքան մանրամասներ չէի հայտնի, բայց կարծում եմ՝ նախաքննության գաղտնիքով մեզ կկաշկանդեն, ու հնարավորություն չեմ ունենա այս մասին խոսել: Ես դա կանխատեսում եմ: Արդեն ականջիս շշուկներ են հասել, դրա համար այսօր հնարավորինս փակագծերը բացեցի: Մենք ունենք տեղեկություններ, որ ոստիկանությունից չի տրվել այդ հրամանը: Մենք ունենք տեղեկություններ՝ ով է տվել այդ հրամանը, բայց առայժմ այդ մասին չեմ կարող հայտարարել»,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում