Իշխանությունների թիրախում այժմ Արա Ռոստոմյանն է. ահազանգում է փաստաբանը
Փաստաբան, Գարիկ Գալեյանի շահերի պաշտպան Վահան Հովհաննիսյանի փախանցմամբ՝ մի քանի անգամ բարձրաձայնել է, որ իր պաշտպանյալ Գարիկ Գալեյանն ունի այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։
«Մենք վերաքննիչ դատարանում վիճարկել ենք կալանավորման հիմքերն ու պայմանները։ Հիմնավորել ենք, որ երկու հանցակազմերի մասով էլ չկան հիմնավոր կասկածներ, չկան նաև կալանավորման հիմքեր։
Ալեն Սիմոնյանի հայտնի դեպքը Կասկադում՝ քաղաքացու վրա թքելը, երբ Քննչական կոմիտեն պաշտոնական պարզաբանում էր տվել, որ քաղաքացու դեմքին թքելը չի համարվում խուլիգանություն, խուլիգանության հանցակազմ չի պարունակում։ Եթե այդ դեպքը համադրում ենք Գարիկ Գալեյանին մեղսագրվող հանցագործության հետ, ապա ակնհայտ է դառնում, որ մարդու գլխին ջուր լցնելն էլ չի կարող համարվել հանցագործություն։ Սակայն ունենք այն, ինչ ունենք։
Գարիկ Գալեյանն ունի երեք հիվանդություններ, որոնք կալանքի կրմանը խոչընդոտող հիվանդություններ են, այսինքն՝ դրանք բացառում են ցանկացած պարագայում անձին կալանքի տակ պահելը։
Հիմա ի՞նչ է ասում դատարանն իր որոշմամբ, ասում է, որ վարույթն իրականացնող մարմինը կնշանակի համապատասխան փորձաքննություն, և, երբ այդ փորձաքննության ընթացակարգերի անցման պարագայում պարզվի, որ իրականում ունի այդ հիվանդությունները, ապա խափանման միջոցի հարցը կլուծվի։ Մինչդեռ դա իրավաչափ լուծում չէ, իրավաչափ դիրքորոշում չէ, քանի որ, բացի մեր կարծիքը, առկա են նաև համանման այլ որոշումներ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ներկայացված՝ այլ դատավորների կողմից կայացրած, երբ անգամ բժշկական փաստաթղթերով առերևույթ հիվանդության առկայությունը բավարար էր լինում, որպեսզի խափանման միջոցը մերժվի կամ առնվազն փոփոխվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահան Հովհաննիսյանը։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ երեկ Գարիկ Գալեյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ «Էրեբունի» բժշկական հիվանդանոց, ստացել է առաջնահերթ բուժօգնություն, քանի որ քրեակատարողական հիմնարկում առկա բուժսարքավորումներով ու պայմաններում հնարավոր չէ նախատեսված բուժօգնությունը ցուցաբերել Գարիկ Գալեյանին։
«Երբ համադրում ենք վարույթ իրականացնող մարմնի գործողությունները, մենք տեսնում ենք, որ դրանք համադրվում են հենց բուն «Որդիների կանչ» հ/կ-ի քաղաքական գործունեության հետ։
Գարիկ Գալեյանին առաջին անգամ մեղադրանք առաջադրվեց այն բանից երկու օր անց, երբ հ/կ-ն հայտարարեց, որ միանում է «Հայաքվե» նախաձեռնությանը։
Երկրորդ՝ թմրամիջոցի այս շինծու մեղադրանքը՝ ներողություն բառիս համար, այդ «ջեբը գցելու» գործընթացը, հաջորդեց այն պահին, երբ հ/կ-ն կրկին հայտարարություն տարածեց, որ աջակցում է «Մայր Հայաստանին»»,- շեշտեց փաստաբանը։
Ըստ Վահան Հովհաննիսյանի, Գարիկ Գալեյանի ձերբակալումն ու կալանավորումը ձնագնդու էֆեկտ ունեցավ, քանի որ դրանից հետո բազմաթիվ մարդիկ համախմբվում են «Որդիների կանչ» հ/կ-ի շուրջ, հետևաբար՝ իշխանությունն իր ուզածին չհասավ։
«Երկրորդ դրական էֆեկտն այն է, որ այս գործընթացի արդյունքում բացահայտվում են իշխանության վախերը։ Կազմակերպության մի քանի ծնողների քայլերը նրանք համարում են սպառնալիք իրենց համար, սա ես գնահատում եմ՝ որպես շատ դրական հանգամանք։
Այս վերջին մի քանի օրերի ընթացքում հատկապես թիրախավորվել է հ/կ-ի անդամներից մեկը՝ Արա Ռոստոմյանը, և եթե նախկինում քողարկված էին գործում, հիմա ավելի բացահայտ են գործում։ Սկսել են ուսումնասիրել Արա Ռոստոմյանի կենսագրությունը, փորձում են այդ կենսագրության մեջ ինչ-որ սև ու մութ էջեր գտնել, փորձում են նաև օպերատիվ հարցազրույցներ իրականացնել բոլոր այն անձանց հետ, ովքեր շփվում են Արա Ռոստոմյանի հետ։ Կարծում եմ՝ իշխանության հաջորդ քայլը լինելու է նրա նկատմամբ ինչ-որ շինծու գործերի հարուցումը և հերթական անգամ կալանքը կամ ձերբակալումը։
Այս անգամ ևս ցանկանում եմ նշել, որ դրանով իշխանությունը ոչնչի չի հասնելու, քանի որ, անգամ եթե կալանավորեն Արա Ռոստոմյանին, հ/կ-ի բոլոր անդամներին, այս գործունեությունը չի դադարելու»,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում