Այս իշխանությունները մի քայլ անելուց ոչ թե մտածում են ի շահ ՀՀ-ի ու Արցախի, այլ արդյոք դա չի՞ վտանգի իրենց իշխանությունը. Տաթևիկ Հայրապետյան

Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Որքան էլ ես ինքս առավոտից երեկո գրեմ ու խոսեմ Ադրբեջանի հետապնդած քաղաքականության, ստեղծած ռիսկերի ու խնդիրների մասին, որքան էլ վերլուծենք Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի, Փարիզի կամ Թեհրանի դիրքորոշումները, միևնույն է, ՀՀ բարձրաստիճան համարվող պաշտոնյաների ամեն հարցազրույցից հետո համոզվում ես, որ մեծագույն խնդիրը եղել ու մնում է Երևանում՝ հանձին Փաշինյանի ու նրա անկարող կառավարության:

Եթե ունես ԱԽ համարվող քարտուղար, որի ամեն խոսք կամ բանակցություն ավելի շատ վտանգ ու ռիսկ է ստեղծում կամ ունես ԱԺ իշխող ուժի պատգամավորներ, որոնք ՀՀ–ին «օկուպանտ» են համարում՝ հղվելով Ադրբեջանի ու Թուրքիայի վրա, քանի որ իրենց համար դրանք են միջազգային հանրությունը, կամ էլ վարչապետ, որ ժամը մեկ դիրքորոշում է փոխում, դու էլ ի՞նչ պահանջես Պուտինից, Բայդենից ու Մակրոնից: Դու ինչպե՞ս ուրիշներից խնդրես կամ պահանջես սատար կանգնել քո իրավունքներին, եթե ինքդ հրաժարվել ես պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Դու ինչպե՞ս հավատաս հայկական կողմի ներկայացուցիչների խոսքին, եթե մի օր ԱԳ փոխնախարարի մակարդակով կանգնում ասում են, որ «չկա ռուսական, ամերիկյան տարբերակ, կա ադրբեջանական և հայկական տարբերակ», մի որոշ ժամանակ անց ԱԽ քարտուղարն ասում է «խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա, մեկն առաջարկել է Ռուսաստանը, մյուսը՝ Ադրբեջանը, որի վրա էլ կողմերն աշխատում են: Արևմուտքը մեզ որեւէ տեքստ չի առաջարկել, Արևմուտքը փորձում է միջավայր ստեղծել բանակցության համար, Մոսկվան նույնպես փորձում է այդպիսի միջավայր ստեղծել»:

Հիմա դուք իրարից եք անտեղյակ, թե՞ մեզ եք անհասկացողի տեղ դրել: Ստացվում է, որ Մոսկովյան տարբերակը մի կողմ են դրել, թեև ասել են, որ համաձայն են ու աշխատում են ադրբեջանական տարբերակի վրա, դա ե՞ն համարել լավագույն լուծումը: Հայաստանի իշխանությունը չունի և չի կարող ունենալ բովանդակային ու պետականամետ դիրքորոշում, գիտե՞ք ինչու՝ որովհետև որքան էլ քվեն ստացել են ՀՀ քաղաքացիներից, որոնք ժամանակին հպարտ էին ու որոնց շատ սիրում էին, նրանք ամենաշատը կախված են Մոսկվայի, Վաշինգտոնի, Թեհրանի, միգուցե նաև Բաքվի կամքից: Նրանք մի քայլ անելուց ոչ թե մտածում են ի շահ ՀՀ–ի ու Արցախի, այլ արդյոք դա չի՞ վտանգի իրենց իշխանությունը: Նման տրամաբանությամբ էլ ընդունվել են կործանարար որոշումները 44-օրյա պատերազմի ժամանակ, ամեն ինչ անել, բայց չկորցնել իշխանությունը: Այս խառնաշփոթը, հստակ դիրքորոշման բացակայությունը, նեղկուսակցական և նեղանձնական շահերով առաջնորդվելը եղել ու մնում է մեր ամենագլխավոր անվտանգային սպառնալիքը, որքան էլ ցավոտ լինի դա ասել:

Մենք կարող ենք և՛ միջազգային, և՛ ռազմական առումով բազմաթիվ խնդիրներ ստեղծել Ադրբեջանի համար, դիմակայել, պաշտպանվել, չզիջել, պարտությունը չդարձնել խարան, բայց մենք գերադասում ենք պարտությանը հարմարվել՝ չհասկանալով, որ դա շարունակական է, իսկ 90-ականների բարդ ու ծանր գնով ձեռքբերած հաղթանակը ու դրա կերտողներին փնովել: Մենք պետք է նախ սովորենք սիրել հաղթանակը, գնահատել դա, ամաչել պարտությունից և ամեն օր աշխատել դա փոխելու ուղղությամբ: Հավատացե՛ք պարտությունը չի բերելու խաղաղություն, այլ պետականության կորստի առաջ է մեզ կանգնեցնելու: Այս պահին նվազագույնը, որ կարող ենք անել ամեն մեկս մեր բաժին ճակատը պահելն է, մեր բաժին դիմադրությունը ցույց տալ, մեր կողմից պարտության հետ չհարմարվելը, թույլ չտալ իշխող ուժին մտածել, որ իրենք անպատիժ են ու մարսել են ձախողումները, ի վերջո քվեի համար հետո գալու են նորից ժողովրդի մոտ չէ՞, ոչ թե Մոսկվա ու Վաշինգտոն:

Մենք պատերազմ չենք ընտրել, մեզ պատերազմ պարտադրել են ու շարունակելու են պարտադրել, լավ կլինի մենք դրանից ոչ թե փախնենք կամ չնկատելու տանք, այլ պատրաստվենք: Եթե պատրաստվենք, մեր դեմ պատերազմելուց առաջ մի քիչ երկար կմտածեն՝ արժի, թե՞ չէ…»։

Տեսանյութեր

Լրահոս