«Ռուսական նախորդ առաջարկները լիովին ընդունելի չէին կարծես, և ռուսական միջնորդությունը ևս փոխընդունելի տարբերակներ է փնտրում». Լուկիանով
«Ռուսաստանի համար սկզբունքայինը Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում, որպես միջնորդ, ներկայություն ունենալն է: Ինչպես նաև Ռուսաստանի համար սկզբունքային են հետպատերազմյան եռակողմ բարձրաստիճան երեք փաստաթուղթ-հայտարարությունները, որոնք այս պահի դրությամբ ամենակարևոր երեք համաձայնություններն են ՌԴ միջնորդությամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի վերջին բացահայտումներին և հատկապես այն հանգամանքին, որ ներկայումս գործընթացում կարևոր են Պրահայի պայմանավորվածությունները՝ բոլոր հարցերը լուծել ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:
Վերլուծաբանն ասաց, որ ռուսական կողմը հստակեցնում է, որ կողմերին ներկայացրել էր իր առաջարկները դեռևս տարեսկզբին, և դրանք ողջունվել էին, սակայն երևի թե այնպես չէին ողջունվել, որ կողմերը սկսեցին բանակցել Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա Միշել ու Մակրոնի միջնորդությամբ, և հիմա գտնվում են սահմանային փուլում՝ որտե՞ղ ու ի՞նչ փաթեթով շարունակել բանակցությունները:
Նրա կարծիքով, Երևանի ու Բաքվի համար կարևոր է չկորցնել ոչ Մոսկվայի միջնորդությունը, ոչ էլ Բրյուսելի:
«Սակայն բանակցությունների բովանդակության հարցում կան լուրջ խնդիրներ, հենց դա է պատճառը, որ Մոսկվան խոսում է այն պայմանավորվածություններից, որոնք արդեն կան, և նշում է, որ եթե համաձայնությունը կա այդ երկու փաստաթղթի մասով, ապա հետագա բոլոր հարցերի քննարկումն ավելի հեշտ կլինի: Սակայն ես չեմ կարծում, թե սա վերջնական ինչ–որ բան է, քանի որ, ինչպես պայմանավորվել են, այնպես էլ կարող են չեղարկել կամ այլ առաջարկ ստանալ Բրյուսելից, որպեսզի հետագա հանդիպումները տեղի ունենան Բրյուսելում և ոչ Մոսկվայում:
Չեմ կարծում, որ ստատիկ պայմանավորվածություն ու իրավիճակ կա: Պրահայի հանդիպումից հետո Սոչին ցույց տվեց, որ ռուսական տարբերակները լիովին ընդունելի չեն: Սա նշանակում է, որ ռուսական միջնորդությունը ևս փոխընդունելի տարբերակներ է փնտրում, ինչպես և պարզորոշ կերպով ասվել էր, որ նոր առաջարկներ ևս կլինեն»,- ասաց Լուկիանովը: