2024 թվականի հունվարի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները կտրվեն անկանխիկ եղանակով
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պետական կենսաթոշակների» և «Պետական նպաստների» մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։
Ներկայացնելով օրենքների նախագծում սպասվող փոփոխությունները, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ասաց, որ 2021 թվականից սկսած կենսաթոշակների վճարումներն անցել են անկանխիկ ռեժիմի։
«Կենսաթոշակառուների դեպքում մինչև 75 տարեկան կենսաթոշակառուները, որոնք չունեն հաշմանդամության առաջին և երկրորդ խումբ, վճարում են անկանխիկ եղանակով, բացառությամբ գյուղերի, այսինքն՝ բոլոր քաղաքներում վճարվում է անկանխիկ եղանակով։ 2023 թվականի հունվարի 1-ից 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղերը կանցնեն անկանխիկ ռեժիմի։ Իսկ արդեն 2024 թվականի հունվարի 1-ից՝ մինչև 1000 բնակչություն գյուղերը կանցնեն անկանխիկ ռեժիմի։ Այս համատեքստում կարծես դուրս էր մնացել ընտանեկան նպաստների վճարման նման կարգավորումը և անկանխիկի ռեժիմին համապատասխանեցնելու համար առաջարկում ենք այս փոփոխությունները։ Առաջինից երկրորդ ընթերցումների ժամանակ առաջարկել ենք ժամկետների փոփոխություն, ըստ որի՝ նոր նշանակվող նպաստները կսկսեն վճարել անկանխիկ եղանակով 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղերի դեպքում փետրվարի 1-ից հետո, իսկ մինչև 1000 բնակչություն ունեցող գյուղի բնակիչների դեպքում՝ 2023 թվականի հուլիսի 1-ից»,- շեշտեց Դավիթ Խաչատրյանը։
Ըստ փոխնախարարի, ընտանեկան նպաստների դեպքում պարտադիր անկանխիկի անցումը քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղերում կսկսվի 2023 թվականի հուլիսի 1-ից, իսկ մինչև 1000 բնակչություն ունեցող գյուղերում՝ 2024 թվականի հունվարի 1-ից։
«Հետևաբար՝ 2024 թվականի հունվարի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները կունենան անկանխիկի նույն ռեժիմը։
Ներկայում կենսաթոշակներն անկանխիկ եղանակով երկու տարբերակով է վճարվում՝ բանկերի կողմից և «Հայ փոստի» էլեկտրոնային փողի հաշվի միջոցով, որը մեծ մասամբ շահառուների կողմից կանխիկացվում էր։ Ներկայիս կարգավորումները և, մասնավորապես՝ Կենտրոնական բանկի ընդունած որոշումներով 2023 թվականի փետրվարի 1-ից սոցիալական հաշվի հիման վրա բացված էլեկտրոնային փողի հաշվի միջոցով այլևս հնարավոր չէր կանխիկացում իրականացնել։ Քննարկումների արդյունքում առաջարկում ենք 2023 թվականի փետրվարի 1-ից այդ հաշիվների տեղափոխում բանկերին, այսինքն՝ կվճարվի բանկերի միջոցով»,- հավելեց փոխնախարարը։
Քննարկելուց հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։