«Մի օր ճանապարհն են փակելու, մի օր գազն են կտրելու և այդպես շատ բան են անելու». Շուշիի քաղաքապետ
Կեսօրին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Տեղեկությունը հայտնել էր Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դրանից ժամեր անց Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք և ճանապարհը բացվել է։
168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ Ստեփանակերտի իր տնից տեսնում է այն ճանապարհը, որտեղ ադրբեջանցիները փակել էին՝ մեքենաները շարժվում են։
«Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բաց է ճանապարհը։ Դե, մեզ համար այս ամենը սպասելի էր, այդ ապուշներն իրենց սադրանքները սկսել են, այդպես էլ շարունակելու են, մի օր ճանապարհն են փակելու, մի օր գազն են կտրելու և այդպես շատ բան են անելու։
Քարին տակ-Շուշի-Ստեփանակերտի խաչմերուկում են կանգնած եղել, մի ճանապարհն իջնում է դեպի Քարին տակ, մյուս ճանապարհով բարձրանում են դեպի Շուշի, մյուսն էլ իջնում է Ստեփանակերտ, այնպես են արել, որ բոլոր կողմերից փակ լինի»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։
Ըստ նրա, այդ խաչմերուկում ադրբեջանցիները դարպասներ են դրել՝ Սղնախից գալիս, մտնում են Քարին տակ ու գնում Շուշի։