Ճապոնիան ձմռան ամիսներին կանցնի էլեկտրաէներգիայի խնայողության
Ճապոնիայում այսօրվանից մեկնարկել է էլեկտրաէներգիայի խնայողության ժամանակահատվածը: Էլեկտրամատակարարման խափանումների մտավախությունից ելնելով՝ իշխանությունները մարդկանց կոչ են անում ձմեռային սեզոնի ընթացքում՝ մինչև մարտ, ավելի տաք հագնվել տանը, ջեռուցիչները միացնել ավելի ցածր ջերմաստիճանի վրա:
Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը: «Մենք բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկենք կայուն էլեկտրամատակարարում ապահովելու համար», – հայտարարել է Ճապոնիայի էկոնոմիկայի նախարար Յասուտոսի Նիսիմուրան:
Նա հավելել է, որ Տոկիոն համոզելու է համապատասխան երկրներին՝ ապահովել հեղուկացված բնական գազի մատակարարումները Ճապոնիային: Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում կառավարությունը միավորների համակարգի միջոցով կպարգևատրի էլեկտրականությունը խնայող սպառողերին:
Գործակալությունը նշում է, որ Ճապոնիան կարող է այս ձմռանը կայուն էլեկտրամատակարարում ապահովել, սակայն կառավարությունը ցանկանում է ապահովագրվել այնպիսի անկանխատեսելի հանգամանքների դեպքում, ինչպիսիք տարերային աղետներն են կամ վթարներն էլեկտրակայաններում:
Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները հայտարարել էին երկրում բոլոր միջուկային ռեակտորները վերագործարկելու ծրագրերի մասին. դրանք այժմ աշխատելու են անվտանգության նոր միջոցառումների պահպանմամբ` «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած միջուկային աղետից հետո, որն առաջացել էր ուժգին երկրաշարժի և ցունամիի պատճառով:
2015 թվականից ի վեր Ճապոնիան առաջին անգամ է էլեկտրաէներգիայի խնայողության ռեժիմի անցնում: