Թափված խարտոցներ ու մկրատներ, ռետինե ձեռնոցներով անվտանգության կին աշխատակիցներ ու Սպիվակովի հիշատակումը՝ Աշոտ Փաշինյանի մասին
Աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը նոյեմբերի 27-ին և 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բարեգործական համերգներ տվեց` ի աջակցություն Զինվորի տանը բուժվող զինվորների։
Հայաստան այցից առաջ Վլադիմիր Սպիվակովը ողջույնի խոսք էր հղել իր հայ հանդիսատեսին:
«Թանկագին ընկերներ, Հայաստանը վաղուց ինձ համար դարձել է հարազատ տուն: Ես բազմիցս եկել եմ որպես մենակատար և դիրիժոր՝ «Մոսկվայի Վիրտուոզների» և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Իմ ընտանիքը միշտ եղել է ձեզ հետ՝ և՛ տխրության, և՛ ուրախության պահերին: Վերջին տարիներին Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում: Ձեր ցավն արտացոլվում է նաև ի՛մ սրտում, այդ իսկ պատճառով ինձ համար կարևոր է աջակցել ձեզ այն ամենով, ինչով կարող եմ: Մենք հանդես կգանք երեք համերգով. երկուսը՝ Երևանում, և մեկը՝ ինձ համար շատ նշանակալի քաղաքում՝ Գյումրիում: Այս երեք համերգներից առաջինը «Զինվորի տանը» բուժվող և կյանք վերադարձող վիրավոր զինվորների համար է»,- Սպիվակովի խոսքերն էր փոխանցել «Զիվորի տուն վերականգնողական կենտրոնի» ֆեյսբուքյան էջը:
Նոյեմբերի 28-ին վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան էջը բավականին հուզիչ տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է աշխարհահռչակ երաժիշտը քոչարի պարում «Զինվորի տանը» բուժվող վիրավոր զինծառայողների հետ:
Համերգին ներկա գտնված 168.am-ի աղբյուրը մի ուշագրավ դրվագ պատմեց այդ համերգի բուն ընթացքիից: Դիմելով համերգին ներկա Նիկոլ Փաշինյանին՝ Վլադիմիր Սպիվակովն ասել է՝ «պարոն վարչապետ, տեղյակ ենք, անշուշտ, որ ձեր որդին ևս մասնակցել է պատերազմին, կռվել է…»:
Վիրավոր զինծառայողների կողքին աշխարհահռչակ դիրիժորն ու ջութակահարը հիշել է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին: Դժվար չէ պատկերացնել՝ Վլադիմիր Սպիվակովին ինչպես են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի որդու մասնակցությունը 44-օրյա պատերազմին «Աշոտիկը, արցունքն աչքերին՝ խնդրում էր չնահանջել» ոճի սրտաճմլիկ ելևէջների մեջ, որ Վլադիմիր Սպիվակովը վիրավոր ու հաշմանդամ զինծառայողների ներկայությամբ հիշել է Աշոտ Փաշինյանին:
Եվ սա այն դեպքում, երբ հայ հանրությունը շատ լավ տեղեկացված է Նիկոլ Փաշինյանի որդու մասնակցության մանրամասների մասին, գիտի նրա մասնակցությամբ PR ակցիաների այլ դրվագների, զինուժյան ռեպորտաժների, իմքայլական պատգամավորների ու իշխանության այլ ներկայացուցիչների դիֆերամբների մասին, որոնք ինչպես գրվում, այնպես էլ հեռացվում էին:
168.am-ը այս առնչությամբ հանդես էր եկել ուշագրավ հրապարակմամբ:
Ու մեղմ ասած՝ տհաճ է, որ նույնիսկ այս լուսավոր առիթը, ինչպիսին վիրավոր ու հաշմանդամ զինծառայողների բուժման համար տրվող բարեգործական համերգն է, Փաշինյան ընտանիքի սպասարկուները ծառայեցնում են իրենց շահերին, բարձրաձայնելով նրա մասին, ինչ չի եղել՝ դրանով իսկ նսեմացնելով իրենց կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած զինծառայողների նվիրումը:
Առանձին լուսաբանման թեմա է անվտանգության միջոցառումների այն աննախադեպ ու արտառոց ծավալը, որը կիրառվել է Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգի՝ այդ համերգն ունկնդրելու առիթով:
Համերգի հանդիսատեսը, բնականաբար, տեղյակ չի եղել, որ Փաշինյան-Հակոբյան զույգի ժամանումը «Արամ Խաչատրյան» համերգասրահ ուղեկցվելու է անվտանգության աննախադեպ միջոցառումներով, այն էլ՝ այնպիսի, որ որևէ մեկի վառ երևակայությունն անգամ չէր երկնի:
Համերգի մասնակից մեր աղբյուրն ասաց՝ շենքի մուտքի մոտ հերթեր են առաջացել. մարդիկ սկսել են դժգոհել, և մի մասը նույնիսկ ասել է, որ եթե իմանային՝ «սրանք ներկա են լինելու, ոչ էլ կգայինք»:
Ներսում՝ արդեն համերգասրահի մուտքերի մոտ, տեղադրված են եղել մետաղորսիչ անվտանգության համակարգերը:
«Բոլոր կանանց պայուսակները մեկ առ մեկ բացվել, ստուգվել են: Մարդիկ նյարդայնացել էին: Ոմանց պայուսակները թափեցին, սկսեցին մանրակրկիտ միջի պարունակությունը ստուգել: Ստուգում էին ռետինե ձեռնոցներով կին անվտանգության աշխատակիցները, ովքեր, ասենք, կանանց պայուսակներից անգամ եղունգի մկրատ ու խարտոց են հանել, կանացի այլ պարագաներ ու սկսել են փոքր-ինչ հեռու կանգնած՝ բոլորի ներկայությամբ իրենց վերադասի հետ ճշտումներ անել՝ թափե՞լ, պահե՞լ «առգրավածը» թե՞ ինչ անել, թողնե՞լ ներս այդ մարդկանց, թե՞ հեռացնել տարածքից: Մարդիկ դժգոհ էին, սկսեցին սկանդալ անել, աղմկել, թե «կարո՞ղ է օդանավակայանում ենք, սա ի՞նչ վիճակ է, նման բան երբեք չի եղել»»,- ասաց մեր աղբյուրը:
Սրանով ամեն ինչ չի ավարտվել: Երկրորդ սերիան, ըստ մեր աղբյուրի, սկսվել է համերգի ավարտից հետո:
«Բարձրախոսով հայտարարեցին, որ նստենք մեր տեղում ու դուրս չգանք: Մուտքերը փակեցին, ու մինչև Փաշինյանները շենքից դուրս չեկան, մարդկանց թույլ չտվեցին դահլիճից դուրս գալ»,- ասաց մեր աղբյուրը:
Այս խայտառակ պատմությունը մեզ հիշեցրեց Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի՝ 2.5 տարվա վաղեմության այցելությունը Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոն, որի բեմում խաղում էին «Հարսանիք թիկունքում» ներկայացումը:
2020թ. հունվարի 27-ին դեռ 44-օրյա պատերազմը չէր եղել, Արցախը չէինք կորցրել, թուրքերը Հայաստանը չէին օկուպացրել, 5000 կյանքերն էլ դեռ վայելում էին իրենց կենսագրության վերջին ձմեռը: Քովիդը դեռ չէր մոլեգնել և այս իշխանության ապաշնորհ կառավարման ու առողջապահական միջոցառումների կազմակերպման խայտառակ թերացումների արդյունքում ևս 5000 մարդ չէր կնքել իր մահկանացուն, բայց այդ ժամանակ անգամ «ժողվարչապետը» թատրոն գալիս էր մետաղորսիչների միջով անցնող մարդկանց կողքով:
Ներկայացմանը ներկա մեր թղթակիցը ֆիքսել էր, որ ներկայացումը դիտելու եկած հանդիսատեսը ստիպված էր անցնել լուրջ զննության միջով. ստուգվում էին պայուսակները, մարդիկ անցնում էին մետաղորսիչ սարքերի միջով։