«Վայելեք ձեր ազատությունը». Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենն ազատվել է աշխատանքից

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում ուսումնական գործընթացը նոյեմբերի 29-ից վերականգնվել է: Տնօրեն Անգին Արշակյանն ազատվել է աշխատանքից, իսկ գործադուլից հետո վերադարձել են նախկին դասախոսները:

«Ամեն ինչ հարթվեց. տնօրենը փոխվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասացին դասախոսները:

Նրանց փոխանցմամբ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ջեմմա Սարգսյանը, ով աշխատել է Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջում:

168.am-ի տեղեկություններով՝ Անգին Արշակյանն աշխատանքի է անցել ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունում:

Կարդացեք նաև

Նախկին տնօրենը, ի դեպ, համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Արմավիրի տարածաշրջանային պեական քոլեջի աշխատակիցներին։

«Այն մեկ տարին, որն աշխատեցի քոլեջի տնօրենի պաշտոնում՝ փորձելով վեր կանգնել սուբյեկտիվ նկրտումներից և կատարել ազգանվեր աշխատանք, նվիրումի և ստեղծագործ աշխատանքի կենդանի օրինակ հանդիսանալ Ձեր համար, անջնջելի կլինեն իմ հետագա կյանքի և աշխատանքային գործունեության համար։
Բոլոր ուսանողանպաստ ծրագրերը կաշխատեմ իրագործել նոր աշխատանքի վայրում, առավել բարենպաստ և փոխըմբռնման մթնոլորտում։
Վայելեք Ձեր ազատությունը։
Աստված և Բարին բարի մարդկանց հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Անգին Արշակյանը:

Հիշեցնենք, որ քոլեջի աշխատակիցները երկար ժամանակ գործադուլներ էին կազմակերպում՝ պահանջելով տնօրենի հրաժարականը:

Իրավիճակն Արմավիրի տարածաշրջանային քոլեջում ավելի էր սրվել, երբ Անգին Արշակյանն աշխատանքից ազատեց Ֆիզկուլտուրայի մասնագետ Արամ Արզումանյանին և բուժքույր Զեփյուռ Սահակյանին։

Քոլեջի դասախոս Թագուհի Հովակիմյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ Արշակյանի հետ տարաձայնությունները սկսվել են դեռ ամիսներ առաջ, երբ նա դպրոցի դասասենյակներից մեկից հեռացրել էր 44-օրյա պատերազմի մասնակիցների լուսանկարները։

Խնդրի վերաբերյալ զրուցել էինք նաև Անգին Արշակյանի հետ, ով ասել էր. «Երբ մրցույթով անցա և այդ հաստատությունում նշանակվեցի տնօրեն՝ բազմաթիվ խնդիրներ տեսա. կոռուպցիոն ռիսկեր, թալան: Նույնիսկ սարսափ ապրեցի: Գրեցի լիազոր մարմնին, որ տեսչական և աուդիտորական ստուգում իրականացվի:

Մոտ 22 տարի լինելով կրթական համակարգում՝ ես ցավ ապրեցի՝ ինձ հարց տալով, թե այս ո՞ւր եմ եկել: Երբ քննարկմանը մասնակցեցի՝ ինձ հարցրեցին, թե պատրա՞ստ եմ այդ ամենը շտկել, պատասխանեցի, որ՝ այո:

Շտկել եմ բոլոր կետերը՝ բացի մեկից, այն է, անցած տարվա մրցույթին ցածր միավորներով երեխային արհեստականորեն բարձր միավորի տակ էին դրել և ընդունել անվճար բաժին, իսկ անվճար սովորող երեխային դրել էին ցածր միավոր ու վճարովի բաժին գցել: Դժգոհության ալիք բարձրացավ, երբ այս տարի ընդունելությանը ես չներգրավվեցի նույն հանձնաժողովին՝ վախ ապրելով, որ հանկարծ չկրկնվեն այդ նույն կոռուպցիոն ռիսկերը, լինի ազնիվ, արդար ընդունելություն: Պարզապես իրենք զրկվեցին ընդունելության ժամանակ այլ միջոցներ ունենալու հնարավորությունից. ես փակել եմ այդ ճանապարհները: Հանրակրթության մասին օրենքով կարող է դպրոցի ուսուցիչը, ուսանող լինելով՝ աշխատել, բայց միջին մասնագիտականի դեպքում իրավունք չկա:

Կրթության տեսչական մարմինը սահմանել էր, որ մինչև ապրիլի 29-ը ազատեմ այդ ուսանող դասախոսին, որ նրան փոխարինի մրցույթով անցած մեկ այլ դասախոս: Երկրորդ խնդիրն արձանագրվել է աուդիտորի կողմից և բուժքրոջ մասով է: Հաստատությունը չունի բուժկետ: Մենք պետք է ունենանք լիցենզավորված բուժկետ, որտեղ պետք է լինի վերապատրաստված բուժքույր»,- մեզ հետ զրույցում ասել էր Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենը՝ հավելելով, որ բացի դրանից՝ ոչ մասնագետը պարապել է մասնագիտական առարկաներ, կամ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի 1-ին կամ 2-րդ կուրսի ուսանողն արդեն դասախոս է:

Տնօրենն անդրադարձել էր նաև արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների լուսանկարները հեռացնելու մասին ահազանգերին՝ նշելով. «Երբ աշխատանքի ընդունվեցի՝ այդտեղ կար խաչքար, որը, կարելի է ասել, չէր երևում: Հետնամասում ծառատունկ եմ կազմակերպել, որ մեծանա, պուրակ դառնա: Սկզբում ամբողջը ծխախոտի մնացորդներ էին լցված: Հավաքել եմ, ուսանողներին հրավիրել եմ, ասել, որ այլևս չծխեն ու այստեղ չնետեն մնացորդները: Իսկ, երբ մտնում եք շենք, մուտքի մոտ՝ պատին, փակցված են 44-օրյա, իսկ մյուս պատին՝ քառօրյա պատերազմում հերոսացած մեր տղաների նկարները: Իմ օգնականը քառօրյա պատերազմի հերոս Սաշա Գալստյանի քույրիկն է, ով մի անգամ ասաց, թե ի՞նչ կարելի է անել, արդյո՞ք կարող ենք ունենալ փառքի լսարան, ոչ թե մուտքի մոտ լինի, երբ ամեն օր անցնում-դառնում են: Անգամ սեպտեմբերի 1-ին գեղեցիկ միջոցառում էինք նախատեսում»:

Տեսանյութեր

Լրահոս