Ադրբեջանը մարում է Իսրայելին ունեցած «պարտքը». Կովսականի և Վարանդայի օդանավակայանները կարող են պլացդարմ ծառայել Իրանի դեմ. Վիտալի Մանգասարյան

ՀՀ պաշտպանության նախարարությունն ամեն օր Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ հաղորդագրություններ է տարածում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս ընթացքում վիրավորներ ենք ունեցել, վերջին դեպքն արձանագրվել է նոյեմբերի 29-ին:

Վերջին շրջանում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտում է նաև արցախյան թևում, ինչը նաև ռուս խաղաղապահներն են հաստատում:

Ի դեպ, Ադրբեջանը իր՝ ՀՀ-ին հրադադարի խախտման մեջ մեղադրող հաղորդագրություններում ժամանակ առ ժամանակ հիշատակում է նաև Տավուշի ուղղությունը: Հաշվի առնելով նշվածը և ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական առաջխաղացումները, դրա արդյունքում որոշ հատվածներում բարենպաստ դիրքը, ո՞ր ուղղությամբ սպասել ագրեսիայի, ի՞նչ բնույթի, հնարավո՞ր են տեղային մարտեր:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ:

– Հրադադարի խախտման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության շուրջօրյա հրապարակումները, և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության գրեթե շուրջօրյա ապատեղեկատվությունը խոսում է այն մասին, որ թշնամին այս փուլում առնվազն նպատակ ունի սահմանային լարվածությունը մեծացնել: Թե սա ինչի կամ ինչ մասշտաբների կվերածվի, միանշանակ դժվար է ասել: Բայց հստակ է՝ լարվածության միտումը գնալով աճելու է, կիրառվող զինատեսակների տրամաչափը՝ մեծանալու: Եթե այս փուլում օգտագործում են, օրինակ, հրաձգային զինատեսակներ, ապա այս ինտենսիվությամբ խախտումների շարունակության դեպքում, բնականաբար, տրամաչափը մեծանալու է, և առավել մասշտաբային բախումների ենք ականատես լինելու: Իսկ Տավուշի ուղղությամբ թշնամու պարբերական բնույթ կրող հրապարակումները, այդ թվում՝ այդտեղ անկլավներ ունենալու մասին, հուշում է այդ ուղղությամբ Ադրբեջանի նպատակներ ունենալու մասին: Եվ ելնելով առնվազն այն կանխավարկածից, որ թշնամին հարվածի պահն ընտրելիս անելու է այնպես, որ մեզ համար անակնկալ լինի, ապա չի բացառվում՝ հենց այս ուղղությունն ընտրվի՝ հանկարծակիության սկզբունքի համատեքստում, հատկապես, երբ այս փուլում թե ռազմաքաղաքական ղեկավարության, և թե մեր հասարակության ուշադրությունը կենտրոնացած է ավելի շատ Սոթք-Խոզնավար ուղղության վրա:

Ինչ վերաբերում է արցախյան ճակատին, ապա այդ թևում այս փուլում ռազմական գործողություններ սկսելու իմաստով վտանգները ևս մեծ են: Մենք տեսնում ենք, որ թշնամին փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել և հասնել Արցախի հետ կապված իր նպատակներից մեկին, այն է՝ Արցախի պաշտպանության բանակի ոչնչացումն է, ինչին հասնելու համար փորձելու են ամեն քայլի դիմել, այս սցենարին ևս պետք է պատրաստ լինենք: Երկրորդ՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքի հետ կապված պարբերաբար գրոհներ է իրականացնում, ակնարկում, որ փորձելու է փակել այն, այս տարբերակով ևս ճնշում է գործադրում՝ հասնելու ՊԲ վերջնական ոչնչացմանը:

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստվում է ցեղասպանություն իրականացնել Արցախում, իսկ ՊԲ-ի գոյություն չունենալը համահունչ է Ադրբեջանի այս ցեղասպան նպատակներին: Ի դեպ, Ադրբեջանը նաև ռուսական կողմի վրա է փորձում որոշակի ճնշումներ գործադրել՝ կոչ անելով վերջ դնել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պաշտոնական հաղորդագրություններում Լեռնային Ղարաբաղ անվան և հայկական մյուս տեղանունների կիրառումներին և առաջնորդվել Արցախի տեղանունների ադրբեջանական տարբերակների ցանկով: Սրանով Ադրբեջանը փորձում է ռուսական կողմին հասկացնել, որ այդտեղ իրադրության տերն Ադրբեջանն է, ոչ թե ՌԴ-ն: Մենք պետք է կարողանանք այս ռիսկերը գնահատել և շատ մեծ հույսեր չկապել այս կամ այն պետության հետ: Մենք առաջին հերթին հույսը մեզ վրա պիտի դնենք, և իշխանությունները պետք է ադեկվատ և ճիշտ որոշումներ կարողանան կայացնել, ինչը դեռ տեսանելի չէ:

-Ւշխանությունները, իշխանամերձ շրջանակները խոսում են բանակում բարեփոխումների մասին, մատնանշում կոնկրետ ծրագրեր՝ վստահեցնելով, թե ունենալու ենք նոր՝ ժամանակակից պահանջներին համահունչ բանակ: Դուք տեսնո՞ւմ եք այնպիսի բարեփոխում, որևէ քայլ, որից բարձրանալու է բանակի մարտունակությունը։

– Ավելի քան 2 տարի է՝ իշխանությունները խոսում են, այսպես կոչված, բարեփոխումներից, բայց կատարված գործողություններում ես գոնե այս փուլում կդժվարանամ իրականացված քայլերի և գործողությունների անունը դնել բարեփոխում: Տարբեր ծրագրեր են ներկայացնում, որոնցից մեկը կոչվում է «Պաշտպան հայրենյաց», որում, իհարկե, դրական էլեմենտներ կան՝ սկսած աշխատավարձի բարձրացումից, վերջացրած միանվագ գումարով, որը 5 տարի հետո տրամադրվելու է պայմանագիր կնքած զինծառայողին: Բայց սա իր բովանդակությամբ նման է «Ես եմ» ծրագրին, և այն ներկայացնել որպես աննախադեպ բարեփոխում՝ ճիշտ չէ: Ընդ որում, այստեղ համալիր մոտեցում է պետք, որպեսզի ծրագիրը շահառուներ ունենա: Օրինակ, ռազմագիտության դասաժամերը պետք է դպրոցներում ավելանան, ՏԻՄ-երը ևս որոշակի անելիք ունեն իրենց գործառույթների շրջանակում: Եթե մենք համալիր լուծում չենք տալու հարցին, և ընդամենը ծրագրի անուն ենք փոխում, անիմաստ է, բարեփոխում չենք կարող անվանել, իհարկե, աշխատավարձի մասը, կրկնում եմ, ողջունելի է:

Ռազմական ոլորտի որոշ փորձագետներ, քաղաքագետներ ասում են, որ բանակի առջև հստակ խնդիր երկրի ղեկավարությունն այսօր չի դնում՝ կասեցնելու թշնամու առաջխաղացումները: Դուք այս կարծիքի՞ն եք։

– Թշնամու առաջխաղացումը կասեցնելու փորձված և լավագույն միջոցներից մեկը սա է՝ պետք է առնվազն համարժեք պատասխան տալ: Արդյո՞ք մենք այս փուլում այդ համարժեք պատասխանը տալիս ենք: Տեսնում ենք, որ թշնամին կրակում է մեր ինժեներական տեխնիկայի վրա, թույլ չի տալիս, որ ինժեներական աշխատանքներ իրականացնենք, ամրապնդենք մեր դիրքերը: Արդյո՞ք մենք նույն սկզբունքով ենք առաջնորդվում և նրանց թույլ չենք տալիս, որ իրականացնեն ինժեներական աշխատանքներ, ինչը, լավ հասկանում ենք, որ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ մեր դեմ է աշխատելու, ուստի հենց սկզբից չպետք է թույլ տանք, որ նրանք ամրապնդվեն հայկական սուվերեն տարածքներում: Իսկ եթե չենք կասեցնում սա, համարժեք պատասխան չենք տալիս, դրանից նախ թշնամին ավելի է ոգևորվում և շարունակում սադրանքները, երկրորդ՝ մենք առավել մեծ խնդիրների առջև ենք կանգնում: Եթե Ձեր հարցին ամփոփ պատասխանեմ, փոքր ինդիկատորը սա է՝ եթե չենք խոչընդոտում ադրբեջանական զինուժի տեղաշարժը, իրականացվող ինժեներական աշխատանքները, ապա այս համատեքստում կարելի է գնահատել՝ երկրի ղեկավարությունը բանակի առջև այս փուլում նման խնդիր չի դնում:

– Ի դեպ, որոշ փորձագետներ, զինվորականներ կարծում են, որ այլ իշխանության պարագայում մի քանի տարում՝ 2-3, կարելի է վերականգնել բանակի մարտունակությունը։

– Բանակի մարտունակությունը վերականգնելու համար պետք է քաղաքական կամք, երկրորդ՝ կարևորագույն պաշտոններում պետք է նշանակվեն կոմպետենտ մարդիկ: Իսկ այս փուլում մենք ի՞նչ ունենք, Գլխավոր շտաբի կարևորագույն պաշտոններից մեկը մինչ այս պահը թափուր է: Խոսքը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնի մասին է: Շատ լավ հասկանում ենք, թե սա ինչ կարևոր պաշտոն է, և այս փուլում դրա թափուր մնալն արդեն իսկ խոսում է այն մասին, որ կադրային առումով խնդիրներ ունենք: Պետք է հստակ հասկանալ, որ բանակը, զինված ուժերը, այսպես ասած, ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող կառույց է, և, մյուս կողմից, ամեն հարմար առիթի մարդկանց արագ պաշտոնների նշանակելով, կադրային փոփոխություններ անելով՝ չենք ուժեղացնում զինված ուժերը, հակառակը՝ թուլացնում ենք:

– Իշխանության մերձակա շրջանակները պատերազմից հետո հատկապես շատ են քննադատում ռուսական ռազմական դպրոցը, և պատերազմում, և դրանից հետո մեր պարտությունները նաև դրանով պայմանավորում: Այն է՝ հենց սկզբից սխալ հիմքի և դպրոցի վրա ենք կառուցել մեր բանակը, որ, այսպես ասած, արևմտյան դպրոցի կրողը պիտի լինեինք, և այսօր գոնե ուշացած դրան պիտի գնալ։ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում մեզ ի՞նչ տեսակ բանակ է պետք, այդ թվում՝ սպառազինության առումով, և արդյո՞ք որդեգրած ռազմական գիծն էր մեր պարտության հիմնական պատճառը:

Ես այն կարծիքին չեմ, որ այս կամ այն ռազմական դպրոցը՝ «շկոլան», ամենալավն է, և մենք պետք է մեր կադրերին պատրաստենք հենց միայն այդ բազայի հիման վրա: Ես կարծում եմ, որ բոլոր դպրոցներից պետք է վերցնել հնարավոր լավագույնը, և ռուսական ռազմական հաստատություններում մենք սովորելու բան ունենք, և արևմտյան, եվրոպական: Բայց ոչ թե աշխարհաքաղաքական խառը իրավիճակում կոնկրետ դպրոցների քննադատենք, և մեր անհաջողությունները փորձենք պայմանավորել սրանով: Բնական է՝ ամեն դպրոց ունի իր և՛ լավ, և՛ վատ կողմերը, մենք պիտի կարողանանք լավը վերցնել և հիբրիդային մի մոդել ստանալ:

– Իսկ մենք՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ պատկերացնո՞ւմ է մեր անվտանգային մարտահրավերները և ըստ դրա փորձում զենք գնել, թե՞ դա արվում է ինչ և որտեղից պատահի սկզբունքով: 2016թ ապրիլյան մարտական գործողություններից հետո այդ ժամանակվա իշխանությունն ընդունեց, ըստ էության, որ մինչ այդ գնել են ինչ պատահի, ինչ մատակարարեն սկզբունքով, սակայն այսուհետ զենք են պատվիրելու անվտանգային խնդիրներին համապատասխան, և ինչ պետք է զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար:

– Անվտանգային մարտահրավերները պատկերացնելու համար պետք է խորը վերլուծություն իրականացնել, որովհետև դժվար է ասել՝ 5, 10 տարի հետո մենք ինչ պատերազմի ենք ականատես լինելու, ինչ փորձությունների միջով ենք անցնելու: Այդ ամենը հասկանալու համար պետք է տիրապետել տարբեր տեղեկությունների, ինչին միայն իշխանությունն է տիրապետում: Եվ իրենք է, որ պիտի խորքային վերլուծություն իրականացնեն, բայց այս փուլում մենք ինչ ենք տեսնում, լսում՝ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ ինչ-որ երկրի զենք ենք պատվիրել, փողը տվել ենք, և դա մեզ չեն մատակարարել: Իսկ ի՞նչ վերլուծություն է արվել, ովքե՞ր են վարել բանակցությունները, ովքե՞ր են պատասխանատու սրա համար, դրա մասին չի խոսվում:

– Վերադառնալով պատերազմի հավանականությանը, մասնագետների կարծիքներ կան, որ Ադրբեջանն էլ այսօր միայնակ պատերազմ սկսելու, վարելու ներուժ և ռեսուրս չունի։ Ադրբեջանն այսօր ի՞նչ խնդիրներ ունի, որի մասին չենք խոսում, և ո՞ր ուղղությամբ, ի՞նչ առումով վերականգնվելու կարիք ունի դեռ։

– 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը լուրջ կորուստներ է կրել՝ թե տեխնիկական, թե մարդկային, ուստի նրանք ևս վերականգնելու խնդիր ունեն: Եվ բացի այս, պարտքի զգացում կա Թուրքիայի և Իսրայելի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ թուրքական և իսրայելական արտադրության տարբեր զինատեսակներ են կիրառվել, և Ադրբեջանի տարած հաղթանակի մեջ Թուրքիան և Իսրայելը բավականին մեծ դեր ունեն: Եվ այդ պարտքը Իսրայելին Ադրբեջանն ինչ-որ ժամանակ հետո պիտի փոխհատուցի: Ինչպես պետք է լինի այդ փոխհատուցումը, մենք գիտենք, թե ինչ հարաբերություններ ունեն Իրանը և Իսրայելը: Երբ Ադրբեջանը օդանավակայաններ էր կառուցում Կովսականի (Զանգելան) և Վարանդայի (Ֆիզուլի) հատվածներում, իրանական կողմին մտահոգում էր այդ փաստը, քանի որ լավ հասկանում էին, որ Իսրայելի համար այդ օդանավակայանները կարող են որպես պլացդարմ ծառայել և երկարաժամկետ կտրվածքով Իրանի դեմ որոշակի գործողությունների իրականացման հեռանկարային հնարավորություն ունենալ: Հրապարակումներ եղան, որ Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ծառայությունները վերլուծության և տեղեկության են տիրապետում, որ այդ օդանավակայաններում իսրայելական հատուկ ստորաբաժանումներ են աշխատում, և փաստացի Իրանը մեծ վտանգ է տեսնում Ադրբեջանից, նրանց վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներից՝ տարբեր գործողությունների իրականացման տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս