
Իտալիայում կարծում են, որ Ուկրաինայի խնդրի կարգավորումը գտնվում է Չինաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի ձեռքին

Իտալիայի փոխվարչապետ և ԱԳՆ ղեկավար Անտոնիո Տայանին, որը Ռումինիայում մասնակցում է ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, կարծում է, որ Ուկրաինայում հաշտության համաձայնագրի հասնել հնարավոր է Չինաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից վճռական գործողությունների պայմանով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այս պահին Ռուսաստանին համաձայնության դրդելու համար Չինաստանը շատ կարևոր է: Եթե մենք ցանականում ենք հասնել հաշտության համաձայնագրի, ապա մեզ անհրաժեշտ են վճռական գործողություններ Չինաստանի, (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանի և ԱՄՆ-ի կողմից», – ասել է նա լրագրողներին:
Տայանիի կարծիքով՝ «առանց արդարության անհնար է հասնել համաձայնության, իսկ արդարությունն Ուկրաինայի ազատությունն է»: Նոյեմբերին Տայանին զրուցել է իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ: Երկու արտգործնախարարները քննարկել են երկկողմ ապրանքափոխանակությունը, Եվրամիության և Պեկինի երկխոսության հեռանկարները, ինչպես նաև Ուկրաինայում հաշտության հասնելու համատեղ ջանքերը: