Էքսկուրսավարների շատ հաստիքներ չեն տրամադրվում թանգարանին, բայց պահանջ կա. Սոֆի Սարյան
Այս տարի լրանում է Մ. Սարյանի տուն-թանգարանի բացման 55-ամյակը, ինչի առիթով թանգարանը մի շարք միջոցառումներ է կազմակերպելու: Տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, նկարչի թոռնուհիներից Սոֆի Սարյանը նշում է՝ իրենց առաջին «գործընկերները» երեխաներն են, որոնք սիրով մասնակցում են միջոցառումներին:
«Լրանում է նաև Սարյանի տան 90-ամյակը: Այն երկհարկանի առանձնատուն էր. առաջին հարկը բնակելի հատվածն էր, իսկ երկրորդ հարկում Սարյանի արվեստանոցն էր, որը բաց է այցելուների համար: Այնտեղ նույն ձևով պահպանվում են վարպետի վրձինները, ներկերը: Սա հնարավորություն է՝ մտնել նրա ստեղծագործական աշխարհ: Արվեստանոցում նաև ֆիլմ ենք ցուցադրում Սարյանի մասին, որտեղ նկարում է ապակու վրա: Սա մի հնարավորություն է՝ հանդիպել վարպետին, նույնիսկ դիտել, թե ինչպես է ստեղծագործում, քանի որ ֆիլմի ռեժիսոր Լաերտ Վաղարշյանը նրան առաջարկել էր ապակու վրա նկարել, որպեսզի տեսախցիկը կարողանա լիովին ֆիքսել այդ ստեղծագործական պրոցեսը, և դա միակ նկարն էր, որ Սարյանը ստեղծեց ապակու վրա՝ հենց ֆիլմի ընթացքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սոֆի Սարյանը:
168.am-ի հարցին՝ դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի ներդրման ծրագիրն արդյոք նպաստե՞լ է, որ երեխաներն ավելի շատ հաճախեն թանգարան, նկարչի թոռնուհին դրական պատասխան տվեց՝ նշելով. «Իհարկե, աբոնեմենտով շատ են գալիս, և մենք փորձում ենք բոլորին հյուրընկալել, ու դա հեշտ չէ կազմակերպել: Գրանցումներ ենք կատարում, որ հերթ չգոյանա. այդքան շատ էքսկուրսավարներ չունենք, և դա էլ, ցավոք, բարդացնում է աշխատանքը, սակայն ամեն դեպքում փորձում ենք ընդգրկել բոլոր ցանկացողներին»:
Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված էքսկուրսավարների քիչ լինելը, Սոֆի Սարյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, այդքան շատ հաստիքներ չեն տրամադրվում թանգարանին, բայց պահանջն ավելին է, քան կան աշխատակիցները: Ամեն դեպքում փորձում ենք մոբիլիզացնել մեր ուժերը, որպեսզի անպայման ընդգրկենք բոլոր ցանկացողներին, այցելուներին: Հիմա նաև Ռուսաստանից շատ հյուրեր ունենք, նրանք էլ են էքսկուրսիա ցանկանում, այնպես որ, մեր աշխատանքի մեջ նույնիսկ ներգրավել ենք Ռուսաստանից եկած մարդկանց: Նրանք սիրով անցկացնում են էքսկուրսիաներ: Իրենց միանգամից վերապատրաստեցինք, որովհետև պահանջն այնքան մեծ էր, որ մեր ուժերով չէինք հասցնում»: