Պարտադիր ատեստավորումն արմատական վերանայման կարիք ունի
Ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացը լուրջ վերանայումների կարիք ունի։ Այն, ինչ տեղի ունեցավ վերջին երկու տարիներին, կարելի է համարել ժամանակի և գումարի անարդյունավետ վատնում։ Իհարկե, սա ամենևին չի նշանակում, որ եղել են հաջողության առանձին պատմություններ կամ ստացված դասընթացներ։ Բայց, ընդհանուր առմամբ, գործընթացն արդյունավետ չէ։ Նախ, չափազանց ցածր է ծրագրի ֆինանսավորումը։
110 ժամ վերապատրաստման ծառայություն մատուցելու համար մեկ ուսուցչին հատկացվում է ընդամենը 25 հազար դրամ։ Իսկ հեռավար կամ հիբրիդ դասընթացների դեպքում՝ շատ ավելի քիչ։ Համեմատության համար նշեմ, որ շուրջ 10-12 տարի առաջ Համաշխարհային բանկի ծրագրով իրականացված ուսուցիչների 80 ժամանոց վերապատրաստման համար հատկացվում էր շուրջ 80 հազար դրամ։ Եթե հաշվի առնենք վերջին տարիների աննախադեպ թանկացումները, ապա կարելի է ասել, որ կառավարությունն այս չափազանց կարևոր գործընթացի համար ծախսում է գրոշներ։ Ի՞նչ պետք է անի կառավարությունը։
Իմ կարծիքով, պետք է դադարեցնել տարբեր կազմակերպություններին ուսուցիչների վերապատրաստում պատվիրակելը։ Վերապատրաստումներ իրականացնող կազմակերպություններին կարելի է պայմանականորեն բաժանել 2 խմբի։ Առաջին խումբն այն կազմակերպություններն են, որոնք ներգրավված են տարբեր կրթական ծրագրերի մեջ և որպես իրենց աշխատանքի մի փոքրիկ մաս՝ իրականացնում են նաև վերապատրաստումներ։ Այդպիսի կազմակերպությունների թվին կարելի է դասել համալսարանները, հրատարակչությունները, դպրոցները։ Այս հաստատությունների հիմնական եկամուտները գոյանում են դասավանդումից, գիտական, հրատարակչական գործունեությունից։ Եվ, բնականաբար, դրանք առանձնապես մոտիվացված չեն նման ցածր ֆինանսավորումով ծրագիր իրականացնելու հարցում։ Երկրորդ խումբը կրթական կազմակերպություններ են, որոնք տարվա մեջ իրականացնում են մի քանի ծրագիր, որոնցից ամենախոշորն ուսուցիչների ատեստավորումն է։ Այս կազմակերպությունների համար ատեստավորումը հնարավորություն է իրենց գոյատևումն ապահովելու համար։ Երկու կազմակերպությունների դեպքում էլ բացակայում է ամենօրյա, տևական աշխատանքը վերապատրաստումների ոլորտում։ Մարդիկ գնում են, իրենց հատկացված ժամաքանակը դասավանդում, և վերջ։
Այս ամենի փոխարեն Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել մոտ 50-60 հոգուց բաղկացած, ուսուցիչների մասնագիտական զարգացման հարցերով զբաղվող մշտական կառույց։ Կառույցում պետք է ընդգրկվեն դպրոցական առարկաների 2-6 մասնագետ՝ ըստ ուսուցիչների թվի։ Այս մարդիկ պետք է իրականացնեն ուսուցիչների վերապատրաստումը, որը կարող է լինել ոչ թե 110 ժամանոց, այլ, օրինակ, 60-70 ժամանոց։ Այդ 60-70 ժամի ընթացքում վերապատրաստողները պետք է ուսուցիչներին սովորեցնեն բովանդակային նյութեր, մեթոդներ, ՏՀՏ-ի, փափուկ հմտությունների կիրառում տվյալ առարկայի վրա։ Պետք է ստեղծեն ուսումնամեթոդական նյութեր, որոնք էլեկտրոնային և տպագիր ձևով տրվեն ուսուցիչներին։ Պարտադիր է նաև վերապատրաստված ուսուցիչների աշխատանքի մոնիտորինգը և մենթորությունը։
Շատ կարևոր է, որ 50-60 վերապատրաստողները ստանան բարձր աշխատավարձ, հնարավորություն ունենան տարվա մեջ առնվազն 1-2 անգամ մասնակցել աշխարհի լավագույն կենտրոնների դասընթացներին, տիրապետեն օտար լեզուների, որպեսզի կարդան մասնագիտական վերջին նորությունները, տիրապետեն թվային տեխնոլոգիաներին և այնպիսի փափուկ հմտությունների ուսուցմանը, ինչպիսիք են քննադատական մտածողությունը, հաղորդակցությունը, համագործակցությունը և այլն։ Քանի որ կառավարությունն ասում է, որ իրենք գումարի խնդիր չունեն, ապա տարեկան 2 մլրդ դրամ նմանատիպ կառույցի վրա ծախսելը մեծ խնդիր չի լինի։ Այս դեպքում մենք կունենանք ոչ թե հազար գործի մեջ մի քանի ժամ ուսուցիչների ատեստացիա անող մասնագետներ, այլ միայն վերապատրաստումով զբաղվող խորացված մասնագետներ, որոնք կարող են անգամ միջազգային վերապատրաստումներ անել։
Շատ կարևոր է, որ 50-60 մասնագետի ընտրությունն իրականացվի անաչառ և բացառվեն մեզանում դեռևս մեծ տարածում ունեցող միջնորդությունները, կուսակցական, դպրոցական, ուսանողական ընկերներին, տնեցիներին աշխատանքի տեղավորելու արատավոր պրակտիկաները։
Ուսուցիչների ատեստավորման ներկա գործընթացի վիրավորական կողմերից մեկն այն է, որ ուսուցիչներին ոչ միշտ է սնունդ տրվում կամ ոչ միշտ է պատշաճ սնունդ տրվում։ Ուսուցիչները չպետք է ընդմիջման ժամերին տարածքի խանութներից ուտելիք գնեն կամ տնից բրդուճ բերեն։ Ընդմիջումը պետք է լինի շփման լրացուցիչ հնարավորություն, և պետությունը պարտավոր է հարգել ուսուցիչներին և նրանց հատկացնել պատշաճ սնունդ։ Այսօր ունենք բարձիթողի վիճակ։ Կազմակերպությունն է որոշում, թե ընդմիջմանն ինչ տա կամ չտա ուսուցչին։ 6-8 ժամ տևող դասընթացը չի կարող արդյունավետ լինել առանց նորմալ սննդի։
Եվ ամենակարևորը։ Մենք պետք է նվազեցնենք ուսուցման մեթոդների ֆետիշացումը վերապատրաստման գործընթացում։ Այսօր մեզանում կա կարծրատիպ, որ վերապատրաստման ժամանակ ուսուցիչներին հատկապես պետք է սովորեցնել մեթոդներ։ Իրականում, վերապատրաստումների ժամանակ շատ ավելի պետք է կարևորվեն ուսուցիչների մտածելակերպը, գործելակերպը, դատողություններ անելու կարողությունները զարգացնելը։ Մեթոդները ոչինչ են, եթե դրանց հետևում չկա ազատ, ստեղծագործ, քննադատաբար մտածող ուսուցիչը։ Մանկավարժությունը սոցիալական արվեստ է։ Ամեն դասը յուրահատուկ է։ Եվ մանկավարժության մեջ չեն կարող լինել համընդհանուր դեղատոմս-մեթոդներ։ Բայց եթե ունես մտածողության բարձր մակարդակ ունեցող ուսուցիչ, նա միշտ կարող է գտնել աշակերտների հետ արդյունավետ աշխատելու ձևերը։