Եթե երդվել ես, ուրեմն կատարիր
Միայն Աստծուն է հայտնի, թե օրվա ընթացքում քանի անգամ ենք տեղի ու անտեղի երդումներ տալիս։ Ու այն շատերիս համար դարձել է խոսակցության մեջ պարտադիր օգտագործվող երևույթ։ Մենք երդմանը այսպես ենք վերաբերում, գուցե նաև այն պատճառով, որ չգիտենք՝ որ դեպքում է պետք երդվել և առհասարակ, ի՞նչն է մեզ ստիպում, որ երդումով հաստատենք արդեն ասված խոսքը։
Իրականում, քրիստոնյաներին հարկավոր չէ սուտ կամ իրավ երդվել: Թեպետ Աստված սովորեցրեց, թե «Քո Տեր Աստծո անունը սնոտի բաների համար մի՛ արտասանիր» և դա արեց այն պատճառով, որ նրանց միտքը հեռացներ կուռքերից, ու այդ կերպ մարդկանց ճանաչել տար ճշմարիտ Աստծուն: Մինչդեռ Քրիստոս առհասարակ վերացրեց երդումը և ասաց. «Մի՛ երդվիր երկնքի վրա, որովհետև Աստծո աթոռն է, ոչ էլ երկրի վրա, որովհետև Նրա ոտքի պատվանդանն է ոչ էլ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Արքայի քաղաքն է, ոչ էլ քո գլխով, որովհետև չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել» (Մատթեոս. 5. 34-36):
Երդվելը դեռ մեղքի ողջ դրսևորումը չէ, երդմամբ ասված խոսքը չկատարելն է ավելի ծանր մեղք: Պետք է գիտակցել, որ Աստծուն խոստում տալը շատ լուրջ հարց է։ Այն, թե ինչպես ենք վերաբերվում մեր երդմանը, ազդում է Աստծո հետ մեր ունեցած փոխհարաբերությունների վրա։ Ուստի, փորձենք խուսափել երդումներ տալուց ու կարևորենք մեր խոսքի արժեքը։ Արդար ու ազնիվ գտնվենք դիմացինի հանդեպ և գնահատենք մեր շուրթերից դուրս եկած ամեն մի խոսքը։