Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից փաստացի տնօրինվող գույքի մասին հարցադրումներ ուղարկվել են ոչ միայն ԱԱԾ-ին, այլև բոլոր պետական մարմիններին. Հայկուհի Հարությունյան

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) ունի կարևորագույն առաքելություն՝ կոռուպցիայի կանխարգելում, բայց դա չի նշանակում պատժել, չի նշանակում ունենալ արդյունք, որը վախեցնում է, դատապարտում է: Մեր պարագայում՝ որպես պետական ինստիտուտ, իշխանությունների բաժանման և հակակշիռների ձևավորման գործընթացում է, որ իմ գնահատմամբ՝ հանձնաժողովը կարևորագույն դեր և առաքելություն ունի»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Նրա խոսքով՝ իրենք ոչ թե ակնկալում են, որ տարբեր պաշտոնների  նշանակվող նոր թեկնածուների՝ նշանակող մարմինների փոխարեն՝ որոշումներ կայացնեն ու պատասխանատու դառնան այդ նշանակման համար, այլ իրենք տալիս են դրա կանխատեսումը, ռիսկը, թե կոնկրետ թեկնածուն հնարավոր պաշտոնի նշանակվելիս համակարգի համար կարո՞ղ է լայն իմաստով կոռուպցիայի տեսանկյունից խոցելի լինել, թե՞ ոչ:

«Սա նշանակում է կոռուպցիա լայն իմաստով, ոչ միայն կաշառք, այլև հովանավորչություն, շահերի բախման ցանկացած դրսևորում, քաղաքական ազդեցություն կամ այլ տեսակի արտաքին ազդեցության նկատմամբ դիմադրողականություն, անկախության համապատասխան երաշխիքների կողմից նախկին աշխատանքային գործունեության շրջանակներում դրսևորած վարքագիծ»,- ասաց ԿԿՀ նախագահը:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ այս ամենը հաշվի առնելով՝ համակարգը պետք է որոշի՝ արդյո՞ք ունի բավարար ռեսուրսներ, ինստիտուցիոնալ ընթացակարգային կանոններ, որ նման ռիսկայնությամբ թեկնածուն պաշտոնի նշանակվելիս չի կարողանալու իր վարքագծով նաև վնասել, հանրային ընկալման տեսանկյունից արատավորել կոնկրետ պետական մարմնի գործունեությունը, թե՞ հակառակը, նման թեկնածուների մուտքը համակարգ ենթադրում է, որ գործ ունենք վարքագծի խթանման հետ:

«Մեկ այլ պետական մարմին՝ Ազգային ժողով (ԱԺ), Դատախազություն, Հակառուպցիոն կոմիտե և այլն ևս ունեն նշանակման լիազորություն: Վերջիններիս պատասխանատվության և հաշվետվողականության հարցը բարձրացնելով՝ մենք խթանում ենք հորիզոնական կառավարման համակարգի զարգացումը: Եթե ԱԺ-ն քվեարկում է թեկնածուի օգտին, ում տրվել է բացասական եզրակացություն, ռիսկը և պատասխանատվությունն արդեն կրում է ԱԺ-ն: Հանրային դիսկուրսի տեսանկյունից հարցադրումը փոփոխության ենթակա է. ինչպե՞ս է բացատրում ԱԺ-ն կոնկրետ քվեարկությունը»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:

Վերջինս նշեց՝ իրենք՝ որպես անկախ պետական մարմին, հանրային ռեսուրսի և լրատվամիջոցների օգնության կարիքն ունեն իրենց աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցում:

«Մենք կարող ենք խնդրել և պահանջել ներկայացնել, օրինակ, նշանակումների վերաբերյալ տվյալները: ԱԺ-ի կողմից վստահություն ստացած թեկնածուն հաջորդ պահից դառնում է պաշտոնատար անձ: ԱԺ-ի մանդատն այդ առնչությամբ ավարտվում է, Հանձնաժողովի մանդատը շարունակվում է, և նա դառնում է բարեվարքության ուսումնասիրության առարկա»,- ասաց ԿԿՀ նախագահը:

Հայկուհի Հարությունյանը նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց: Օրինակ, 2020թ. մարտից մինչև 2022թ. հոկտեմբերի վերջ ԿԿՀ-ն տրամադրել է 634 բարեվարքության եզրակացություն, որից միայն 454-ը վերաբերում է 2022թ.: 634-ից 57-ը բացասական եզրակացություն են, որը կազմում է ընդհանուր թվի 3%-ը: Ընդ որում, 57-ի 3%-ը դեռ շարունակում է պաշտոնավարել: 57-ից 15-ի դեպքով ուղարկվել է հաղորդում հանցագործության մասին:

«Մեր գնահատականների ձևավորման մեջ իսկապես կարևորում ենք մամուլի գնահատականները և հենվում դրանց վրա, ինչի համար ևս Հանձնաժողովը պարբերաբար քննադատության է ենթարկվում, բայց դա և օրենքի պահանջն է, և այն աղբյուրը, որը հանրային ընկալման տեսանկյունից գնահատական է ձևավորել»,- ասաց ԿԿՀ նախագահը:

Հարցին՝ կարո՞ղ է արդյոք արդարադատության նախարարի ժ/պ Գրիգոր Մինասյանը նշանակվել նախարար՝ հաշվի առնելով նրա և Կարեն Անդրեասյանի բիզնես հարաբերությունները, Հայկուհի Հարությունյանն ասաց՝ միանգամից պատասխանեմ՝ գործող «Հանրային ծառայության» մասին օրենքի տակ գործող շահերի բախման կանոնի ներքո՝ ոչ:

«Հանրային ընկալման տեսանկյունից եթե խնդիր կա, դա արդեն ԲԴԽ տիրույթում է: Ամեն դեպքում կա ինքնաբացարկի հնարավորություն: Անձը կարող է զերծ մնալ որոշում կայացնելուց և ազդեցություն չունենալ: Բայց նորից կրկնեմ՝ հանրային պահանջատիրությունը երբևէ չպետք է պասիվանա: Խնդիրը կա, բայց կա նաև դրա լուծումը»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:

Դիտարկմանը, թե այդ դեպքում Կարեն Անդրեասյանն ընդհանրապես որևէ վարույթի չպետք է մասնակցի, ԿԿՀ նախագահն ասաց՝ ԲԴԽ-ն ունի բավարար թվով քվորում՝ որոշում կայացնելու համար:

Հայկուհի Հարությունյանը խոսեց նաև Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) ուղարկված, ցանկով նախատեսված պաշտոնատար անձանց հայտարարագրերն ուսումնասիրելու դիմումի մասին:

«Հանձնաժողովն իրացրել է օրենքով սահմանված լիազորությունը արդեն ոչ թե բարեվարքության ստուգման, այլ հայտարարագրերի ուսումնասիրության մասով: Սա ենթադրում է կոնկրետ ռիսկերի սահմանում և ռիսկերի համապատասխանելիություն կոնկրետ պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների համար գույքային դրության ստուգման տեսանկյունից: Նպատակն ընդհանուր և անհատական մակարդակում անձի այնպիսի գործողությունների կանխարգելումն ու բացառումն է, որը չարդարացված կամ ոչ օրինական կերպով հարստացման էր տանելու: Ռիսկային ցուցիչ ընտրվել է կոնկրետ պաշտոնը: Ցանկում ներառված են ամենաբարձր պաշտոն զբաղեցնող սուբյեկտները: Հարցումները ուղարկվել են ոչ միայն ԱԱԾ-ին, այլև բոլոր պետական մարմիններին»,- ասաց ԿԿՀ նախագահը՝ հավելելով՝ ուղարկվել է հարցադրում կոնկրետ փաստացի տնօրինվող գույքի մասին:

Տեսանյութեր

Լրահոս