Հայաստանի և Սիրիայի հարաբերությունները խարսխված են պատմական ու բարեկամական հիմքերի վրա. Նորա Արիսյան
Սիրիայի Արաբական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները բնական շարունակությունն են Սիրիայի ժողովրդի և հայ ժողովրդի միջև դարերի ընթացքում ունեցած բարեկամական պատմական հարաբերությունների, որոնք խարսխված են եղել քաղաքակրթական, պատմական, մշակութային և ընկերային հիմքերի վրա:
Այս մասին իր ելույթում նշեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը՝ Հայաստան-Սիրիա հարաբերություններ. պատմական առնչություններ, արդի զարգացումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում:
Դեսպան Նորա Արիսյանն իր «Սիրիա-Հայաստան. պատմական ներառում և շարունակական համագործակցություն» զեկուցի շրջանակում անդրադարձավ Սիրիա-Հայաստան հարաբերությունների հաստատման և զարգացման պատմական փուլերին, խոսեց նաև ապագա համագործակցության օրինաչափությունների և դրանց զարգացման առանցքների մասին: «Կարևորում ենք Սիրիայի հայ համայնքի գործունեությունն ու փոխգործակցությունը Սիրիայում ՀՀ դեսպանատան հետ: Սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում ՀՀ դեսպանությունը հայ համայնքի հետ փոխգործակցության շնորհիվ իրականացրել է մի շարք աշխատանքներ տարբեր ոլորտներում»,-ընդգծեց դեսպանը՝ հավելելով, որ հայ-սիրիական դարերով եկած բարեկամական հարաբերությունները պահպանվում ու գնալով ավելի են զարգանում՝ տարբեր բնագավառներում համագործակցությունների շնորհիվ:
ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության հյուպատոսական և տնտեսական կցորդ Ահմադ Հասան Ալաթբան իր «Սիրիա-Հայաստան տնտեսական հարաբերություններ. պատմություն և հեռանկարներ» զեկույցի ընթացքում փաստեց, որ հայ-սիրիական հարաբերություններն ունեն բազմադարյա վաղեմություն, որոնք ձգվում են այն ժամանակները, երբ Տիգրան Մեծը թագավորում էր Կասպից ծովից Միջերկրական ծով ընկած տարածքի վրա։
«Քրիստոնեությունը Հայոց պետության կողմից պետական կրոն ընդունելով, և ելնելով այն հանգամանքից, որ սիրիական քաղաքները, ինչպիսիք են՝ Դամասկոսն ու Հալեպը գտնվում էին ուխտագնացության ճանապարհի վրա՝ առևտրային փոխհարաբերությունները զարգացում ապրեցին։ Երկու երկրների տնտեսական հարաբերությունների մակարդակը, ցավոք, ներկայում չի համապատասխանում երկու կառավարությունների քաղաքական հարաբերությունների և երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների մակարդակին»,-ասաց նա։
Ահմադ Հասան Ալաթբան անդրադարձավ նաև այդ հարաբերությունների ապագային, և, շեշտեց, որ երկու երկրների դիվանագետները պետք է ամեն կերպ նպաստեն երկկողմ տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը և տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացմանը։